Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Սուրեն Կարայանը և Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարները

Սուրեն Կարայանը և Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են հայ-իրանական տնտեսական 
համագործակցության ամրապնդման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` քննարկելու հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները: Նախարարը և դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված արդյունքներին և ձեռնարկված քայլերին, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ երկու երկրների կողմից մուտքի արտոնագրի վերացումը նպաստում է ոչ միայն զբոսաշրջության աճին, այլև տնտեսվարողների գործնական այցելություններին՝ խթանելով բիզնես կապերը։  Ըստ դեսպանի՝ նպաստավոր գործոն է նաև Հայաստան մուտք գործող մարդատար մեքենաների համար տուրքի վերացումը։

Նախարար Կարայանը և դեսպան Սաջադին քննարկել են Հայաստանում իրանական բիզնեսի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Մեղրու ազատ տնտեսական գոտում իրանական  բիզնեսի ներգրավման և խրախուսման տարբերակները։  Նշվել է նաև, որ կարևոր է ուղղորդել հայ արտադրողին՝ մուտք գործելու և հաստատվելու իրանական շուկայում։

Սուրեն Կարայանը  Սեյեդ Քազեմ Սաջադիին հանգամանալից ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք կձեռնարկվեն Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների համար Նովրուզի տոների ընթացքում։

Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում ընդգծել է․ «Մենք մշտապես եղել ենք Իրան-ԵԱՏՄ տնտեսական կապերի սերտացման ջատագովը։ Ներկայումս էլ շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ։ Ցանկանում եմ վերահատատել, որ մենք պատրաստ ենք բարեկամ Իրանի տնտեսվարողների համար արդյունավետ հարթակ հանդիսանալ դեպի Եվրասիական միության շուկա»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]