Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը: Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է նաև ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: 

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: Շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը: 

Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով, հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման իրականացմանը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Կրակովում: «Մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում»,-ասել է արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն անդրադարձել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: Հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:  

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերովեվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը: «Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ»,- նշել է նա։ 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Այդ մասին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: «Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են: Բանաձևերն ընդունվեցին 142 կողմ ձայներով»,- ասաց Հախվերդյանը: ՀՀ ԱԳՆ-ն տարածել է նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ։ Հայտարարությունում նշված է․ «Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։

Լիբանանի նախագահ Միշել Աունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միշել Աունը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում, ինչպես նաև արծաթափայլ եղևնի տնկեց Հիշատակի ծառուղում: «Այն, ինչ ես տեսա այս թանգարանում, սարսափելի պատկերներ էին և շոշափելի վկայություններ, որոնք փաստում են հայ ժողովրդի պատմության արյունոտ ժամանակաշրջանի մասին: Սարսափելի ջարդերը, որոնք աննախադեպ են, հորդորում են ինձ ընդգծել այն ամենը, ինչ պետք է արվի հիշողության բյուրեղացման և արդարության վերականգնման համար, կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի համար»,- մասնավորապես, գրել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Որպես մարդկության հանդեպ հարգանքով լցված անձինք` մենք մշտական հիշողության պարտավորություն ունենք այն անմեղ զոհերի հիշատակի առջև, ովքեր պարզապես ապրել էին ուզում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում այս խոսքերով է իր գրառումը սկսել Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբարի-Նձական: «Ողջ մարդկությունը պետք է դաս քաղի այս սոսկալի դեպքերից, որպեսզի պատմությունն այլևս այս ուղղությամբ չկրկնվի: «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս, մենք այդպես պետք է ապրենք: Մենք խոնարհվում ենք ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր հայ զոհերի հիշատակին»,-գրել է Անրի Ռաբարի-Նձական:

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: 

Հայաստան և աշխարհ

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա ընթացքում արված շեշտադրումները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության  կենտրոնում: ԶԼՄ-ներն արձանագրել են, որ Հայաստանը հանդես է եկել որպես տարբեր ինտեգրացիոն գործընթացները հաջող կերպով միավորող, Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությանը նպաստող հաջողված օրինակ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին  Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի և գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ: 

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: ՀՀ նախագահական նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին հայտարարեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա իր երախտագիտությունը հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի կողքին գտնվելու համար: Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: «Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ Նախագահ Աունի հետ մեր զրույցն անցավ ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան: Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը»,- մասնավորապես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Դրական և կառուցողական բանակցություններ վարեցինք նորին գերազանցություն Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ինչպես նաև ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին: Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ և լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ»,- ասել է Լիբանանի նախագահը։  Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են Մերձավոր Արևելքի ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու հարցում: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում բարձր մակարդակի բանակցություններից հետո հայտարարեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: «Քննարկել ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերն ու բռնկված պատերազմները, հատկապես մեր հարևան Սիրիայում։ Համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու ու պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն են մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին 7 տարիներին շարունակվող խռովությունները»,-ասաց Լիբանանի նախագահը: Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:

ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը: Վարչապետ Կարապետյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է: «Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մաքսիմ Սոկոլովի հետ առանձնազրույցում նախանշել ենք հնարավոր զարգացման բոլոր կետերը և մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղիները: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44,6 տոկոսով, ներմուծումը՝ 19,1 տոկոսով»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած  ՏՏ համաշխարհային համաժողովին («WCIT 2018»)  մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը։ ԻՏՁ միության նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT»-ի կազմակերպիչ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի  կողմից ընտրվել է տնօրենների խորհրդի անդամ: Նա ներկայացրել է նաև Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։ ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։

Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել տնտեսական մի շարք կարևոր ուղղություններում: Այս մասին հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: 

Գերմանիայի Նյուրնբերգ  քաղաքում  անցկացվող «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակում հայկական «Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները գերմանական TeeGschwendner-ի  հետ համաձայնագիր կնքեցին բուսական թեյի արտահանման վերաբերյալ։

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվարին 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու համար հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Երևանի «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների և առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության և վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին։

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: 

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այցելել է պոլիտեխնիկական համալսարան: Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին: 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին: ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունն արժանացավ կառավարության հավանությանը: 

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է այն անձին, ում թեկնածությունը կառաջադրի իշխող քաղաքական ուժը: Արթուր Բաղդասարյանն այս մասին ասաց ՕԵԿ 15-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում:

Սփյուռք

Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը ստամբուլահայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ վճիռ է կայացրել:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի նահանգապետարանի ձեռքով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կասեցնելու վերաբերյալ հարցում է հղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուլին: «Այն դեպքում, երբ հայ համայնքը սպասում էր պատրիարքի ընտրությունների իրականացմանը, որի իրավունքն ունի, պետության միջամտությունը գործընթացին թե ոտնահարում է մեր եկեղեցական ավանդույթները, թե համայնքի ներսում հուսահատություն է առաջացնում»,- նշել է Փայլանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի
Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին»։

Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը «Սարոյան հաուս» նախագծին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակարգը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։

Միջազգային խճանկար

Իրանի հարավում ավիավթարի ենթարկված օդանավում գտնված բոլոր ուղևորները և անձնակազմը զոհվել են։ Aseman Airlines ավիաընկերության ղեկավարը հայտնել է, որ բոլոր ուղևորները, ինչպես նաև ATR 72-600 ինքնաթիռի անձնակազմի 6 անդամները զոհվել են։ Նավակողին գտնվել է 66 մարդ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցում ծխականների սպանությունը հրացանով կատարել Է 22-ամյա Խալիլ Խալիլովը, զոհվել են հինգ տարեց կանայք, եւս չորս մարդ հոսպիտալացվել Է: Տուժածների թվում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ: Հարձակվողը տեղում ոչնչացվել Է «Ռոսգվարդիայի» աշխատակիցների կողմից

Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ պայքարելու համար, հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին: «Մենք ոչ մի բանի համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքն Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն կամ մեկ ուրիշը»,- ասել է նա:

Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ: Մեքենաների մեջ եղել են նաև Աֆրինում տեղի ունեցող գործողություններին միանալու նպատակով այնտեղ ուղևորվող մարդիկ:  Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, մեկ մարդ` մահացել:

Մշակույթ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ:  «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ռեժիսորի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական երեկո անցկացվեց, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Սպորտ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեր մարզիկների մասնակցությունն Օլիմպիական խաղերում բավարար է համարում: «Մեր մասնակիցներից ոմանք գրանցեցին իրենց լավ արդյունքը, ոմանք` ոչ: Պետք է հաշվի առնենք, որ Օլիմպիական խաղերը քառամյակի ամենակարևոր իրադարձությունն են: Մենք երկու խնդիր ունեինք` մեկն այն, որ երկու տղաները շատ երիտասարդ էին և առաջին անգամ էին մասնակցում Օլիմպիական խաղերին: Եվ Կատյա Գալստյանը, ով երկրորդ անգամ էր մասնակցում Խաղերին: Հիմնականում բավարար եմ գնահատում մեր մարզիկների մասնակցությունը Խաղերին»,- ասաց Սարգսյանը:

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

Հունգարիայի Գյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայկ Բաբայանը խոցել է 618,4 միավոր և 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում նա պահպանել է դիրքերը և նվաճել Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականի անդամ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում:

Մինսկում անցկացված Սամբոյի Բելառուսի բաց առաջնությանը Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ