Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Սոցիոլոգն առաջնային է համարում Սումգայիթի ջարդերի հարցը միջազգային իրավական դաշտ տեղափոխելը


ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականին տեղի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի փաստը պետք է տեղափոխվի միջազգային իրավական դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգն Ադրբեջանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունում նույնպես տեսնում է ազգատյացություն:

«Հայաստանը պետք է Սումգայիթյան ջարդերի փաստը տեղափոխի միջազգային իրավական դաշտ, որպեսզի այն գնահատվի որպես հայերի դեմ կազմակերպված ցեղասպանություն 20-դարի ավարտին: Դա կունենա նաև կանխարգելիչ բնույթ նման երկրների համար, ինչպես նաև Հայաստանը կստանա բարոյական փոխհատուցում»,- ասաց Ադիբեկյանը:

Նրա խոսքով`Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդն ուղղված էր Ղարաբաղյան շարժման դեմ՝ այդ կերպ փորձելով վախեցնել հայերին: «Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդի իրական թիվը դեռ հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն` այդ օրերին զոհվել է 26 հայ: Սումգայիթյան ջարդը Ղարաբաղյան պայքարի դեմ Ադրբեջանի արձագանքն էր՝ այդ կերպ փորձելով դաս տալ և վախեցնել հայերին»,- ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ նման մեխանիզմներ օգտագործվել և օգտագործվում են տարբեր երկրներում. իշխանություններն օժանդակում են ազգայնամոլական կազմակերպություններին ու խմբերին և առաջ են տանում սեփական շահերը:

«Սումգայիթում հայերը, լինելով կրթված, ապրել են բարեկեցիկ կյանքով, սակայն միևնույն ժամանակ Սումգայիթի բնակչության ¼-ը կազմում էր նախկին դատապարտյալներ, հանցագործներ և ցածր խավը: Եվ ինչպես Նացիստական Գերմանիայում գերմանացիներին հրահրեցին հրեաների դեմ` «դու վատ եք ապրում, որովհետև իրենք լավ են ապրում» սկզբունքով, նույնը տեղի ունեցավ Սումգայիթում: Դրա հետևանքով Ադրբեջանից արտագաղթել էր 400 հազար  մարդ`  հիմնականում Գանձակից, Շահումյանի շրջանից և Բաքվից: Արտագաղթներից մի մասը` մոտ 200 հազար մարդ, տեղափոխվեց Հայաստան»,- նշեց սոցիոլոգը:

Սումգայիթի ջարդերը չէին կարող ունենալ փոքր մասշտաբ: «Ջարդերի հաջորդ օրը կարգը պահպանելու համար Խորհրդային Միության դեսանտային դիվիզիան տեղափոխվել էր Սումգայիթ: Պաշտոնական տվյալներով` այդ օրերին 276 զինծառայող վիրավորվել է: Պատկերացրեք ջարդերի մասշտաբը, եթե դիվիզիան այդքան վիրավորներ է ունեցել»,- ընդգծեց Ադիբեկյանը:

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ 

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ