Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել մի շարք կարևոր ճյուղերում. փորձագետ


ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել տնտեսական մի շարք կարևոր ուղղություններում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Տարին ընդհանրապես  լավն էր ԵԱՏՄ երկրների համար, Ռուսաստանը դժվարին 2015 և մասամբ նաև 2016 թվականներից հետո, արձանագրել է տնտեսական աճի 1 տոկոսից ավելի ցուցանիշ և կանգնել է կայուն զարգացման ուղու վրա, որն ամենադրական ազդեցությունն ունի ԵԱՏՄ տարածքի փոքր տնտեսությունների համար: Հայաստանի ու Ղրղզստանի տնտեսություններն ամենաբարձր զարգացման ցուցանիշներն են դրսևորել: Իսկ Հայաստանինն ուղղակի ամենաբարձրն է»,-ասաց բանախոսը:

Փորձագետի խոսքով՝ Եվրասիական փորձագիտական ակումբի այն կանխատեսումը, որը հակառակ միջազգային ու ռեյտինգային կառույցների կանխատեսումների, ասում էր, որ Հայաստանի տնտեսությունը 2017 թվականին կարձանագրի ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսանոց աճ, իրականություն դարձավ: «Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճի միտումներ է ցույց տվել տնտեսության մի շարք կարևոր ճյուղերում, ինչպիսին են արդյունաբերությունը, առևտուրը, արտահանումն ու ներկրումը, վերականգնվել են շինարարության աճի ցուցանիշները՝ կազմելով 3 տոկոս»,-հավելեց Արամ Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը, ապա, ըստ Սաֆարյանի, իրենք ունեն սեփական բացատրությունները, որոնք կհնչեցնեն ԱՎԾ հրապարակումից հետո: Բայց հավելեց, որ նույնիսկ այդ պայմաններում գյուղմթերքի արտահանման աճ է գրանցվել երկնիշ թվերով:

Անդրադառնալով դեպի Հայաստան տրանսֆերտների 7 տոկոսանոց աճին՝ փորձագետը նշեց, որ այդ աճի մեջ մեծ ներդրում ունի Ռուսաստանից եկած տրանսֆերտների ծավալը: «Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ այն խոսում է Ռուսաստանի գրավչության մասին Հայաստանի արտագնա աշխատողների շրջանում: 1 միլիարդ 200 միլիոն դոլարի տրանսֆերտներ կան Ռուսաստանից: Հայաստան մտնող տրանսֆերտների 63 տոկոսը Ռուսաստանից է, 14 տոկոսն՝ ԱՄՆ-ից, երրորդ տեղում Ուկրաինան է 5.5 տոկոս ցուցանիշով»,-ասաց բանախոսը՝ պնդելով, որ մոտակա տարիներին Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի համար ամենագրավիչ աշխատաշուկան:

Ինչ վերաբերում է 2018-ի զարգացումներին ու տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Արամ Սաֆարյանը նշեց. «Չնայած ԵԱՏՄ վերլուծաբանները կարծում են, որ 2018-ին Հայաստանի տնտեսության ֆիզիկական ընդլայնման հնարավորությունները կնվազեն ու ՀՆԱ աճը կկազմի 2.5 տոկոս, 2019-ին նորից կաճի 5.5 տոկոսից ավելի, մենք թույլ ենք տալիս անելու մի կանխատեսում, որ այն ներդրումների ծավալը, որը հայտարարված ցուցանիշով եղել  է 2017-ին, պահպանվի 2018-ին, տարին ևս լավն է լինելու, քանի որ աճի արձանագրված միտումները կարող են լինել շարունակական»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ