Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ՀՀ Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային


ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Վրաստանի փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ ջերմությամբ է հիշում անցած տարվա ամռանը Գիորգի Գախարիայի հետ Երևանում ունեցած հանդիպումը մեկ այլ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում, երբ քննարկման թեման հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն էին: Նախագահ Սարգսյանը նաև առանձնակի ջերմությամբ է հիշել անցած տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցը և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության ու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է հաճախակի փոխայցերը և հույս հայտնել, որ նախարար Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք կարևոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը և բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը նաև տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում առաջընթաց ու ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից: 

Գիորգի Գախարիան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք, ըստ նրա, ներառում են նաև սահմանամերձ տարածաշրջանները, որտեղ նույնպես կան յուրահատուկ մարտահրավերներ: Նախարար Գախարիայի համոզմամբ, այդ մարտահրավերները միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը:
 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ