Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Արտաշատում ոգեկոչեցին ազատամարտիկ Արարատ Գոլեցյանի հիշատակը


ԱՐՏԱՇԱՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտիկ Արարատ Գոլեցյանի ծննդյան օրը հերոսին նվիրված ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ Արտաշատի՝ իր անունը կրող թիվ 1 դպրոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ազատամարտիկին նվիրված օրհնության կարգը Տերունական միասնական աղոթքով սկսեցին Արտաշատի սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվներ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը եւ տեր Երվանդ քահանա Բաբայանը:

«Բոլորս գլուխ ենք խոնարհում Արարատ Գոլեցյանի հիշատակի առջեւ, եւ օրհնում նրա ընտանիքը՝ ազգին այդպիսի զավակ պարգեւելու համար»,-դիմելով ներկաներին՝ ասաց Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը: Հոգեւոր հայրն օրհնեց նաեւ նրա անվան դպրոցը, որտեղ նա սովորել է, դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին: Դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը շարունակելով ասաց. «Արարատի եւ նրա նմանների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը անգին է նահատակվածներին կյանքի նման: Արարատն ամեն առավոտ «ընդունում» է աշակերտներին, եւ երեկոյան «ճանապարհում» նրանց: Այդ համեստ ու խիզախ ազատամարտիկի կյանքը բաց դասագիրք է յուրաքանչյուրիս համար»:Սրտաբուխ էր Արարատի եղբորորդու՝ Արարատ Գոլեցյանի ելույթը: Նա ընդգծեց, որ երբ Արցախում հատուկ նշանակության ջոկատները հայաթափում էին հայկական գյուղերը, եւ Հայաստանում էլ ծանր իրավիճակ էր, նա թողեց Ռուսաստանում իր պաշտոնը եւ ապագա կարիերան՝ մեկնելով Արցախ: «Այդ նա էր, որ սեփական ուժերով կազմակերպեց Շահումյանի շրջանի ռազմավարական նշանակություն ունեցող Թոդան գյուղի ազատագրումը, որի համար էր հերոսաբար նահատակվեց»,-ընդգծեց նա:

Աշակերտները ներկայացրին նրա կյանքը, կարդացին մորն ուղարկված սրտառուչ նամակը, որտեղ նշվում էր, որ պատերազմի ավարտից հետո կվերադառնա եւ ընտանիք կկազմի:Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսի արձանին, հնչեցին ֆիդայական խրոխտ երգեր: Ոգեկոչման արարողությանը ներկա էին Արարատի հարազատները, դասընկերները, որոնք նաեւ նրա մարտական ընկերներն են, ազատամարտիկներ մարզի տարբեր տարածաշրջաններից: 33 գարուն բոլորած Արարատ Գոլեցյանն Արտաշատի ազատամարտիկներից միակն է, ով արժանացել է ԼՂՀ «Մարտական Խաչ 2-րդ աստիճան» մեդալի, պարգեւատրվել ՀՀ «Արիության մեդալով»:

Լիլիթ Մաճկալյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ