1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը

ԳԱՎԱՌ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոնը հիմնանորոգումից եւ վերազինումից հետո շահագործման է հանձնվել 2015 թվականի դեկտեմբերին: Հաստատությունը տեխնիկապես վերազինվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցներով եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ծրագրի արդյունավետությունը դիտարկելու համար Ճամբարակի առողջության կենտրոն էին այցելել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդատու Տաիկի Կոունոն եւ «Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը, տեղեկացրեց, որ առողջության կենտրոնի շահագործումից հետո հաստատությունը մոտ 25 տոկոս աճ է արձանագրել մատուցվող ծառայությունների բոլոր ուղղություններում:

«Մեր հաստատության հիմնանորոգման եւ վերազինման ծրագրի արդյունքում, որը եղավ պետական ներդրումներով եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ,, մենք շարունակ աճ ենք արձանագրում բուժծառայությունների մատուցման բոլոր ուղղություններում:

Այսպես, 2017 թվականին 2016 թվականի համեմատությամբ մոտ 20 տոկոսով աճել են ծնունդները, բարդ վիրահատություններն ավելացել են 30 դեպքով, իսկ վճարովի ծառայությունների ծավալն ավելացել է 3 միլիոն դրամով:Տարեկան կատարվում է մինչեւ 26 հազար լաբորատոր եւ ավելի քան 600 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն: Հաստատության հագեցումը նորագույն բուժսարքավորումներով ամբողջապես նպաստեց, որպեսզի մեր աշխատանքները լինեն ավելի արդյունավետ, բնակչությանը մատուցվող բուժսպասարկումը՝ որակյալ:

48 տեսակի նորագույն բուժսարքավորումները շատ կողմերով են նպաստել, որպեսզի մեր տարածքի բնակչությունը կարողանա ախտորոշման պատասխանը եւ բուժումը ստանալ տեղում եւ առողջական տարբեր խնդիրներով չդիմի մայրաքաղաքի կամ մարզի այլ քաղաքների բուժհաստատություններ: Բոլոր սարքավորումներն օգտագործվում են նպատակային »,-ներկայացրեց բուժհաստատության տնօրենը: Դիտարկումից հետո Տաիկի Կոունոն իր գոհունակությունը հայտնեց դիտարկման արդյունքներից:«Մենք ուրախ ենք, որ մեր կառավարության տրամադրած միջոցները միանգամայն նպատակային ու ամբողջությամբ են օգտագործվում՝ նպաստելով բուժծառայությունների որակի բարելավմանը:

Անկեղծ ասած, մենք տպավորված ենք մեր դիտարկման արդյունքներից եւ այս հաստատության հետ աջակցության ծրագրերը շարունակելու ցանկություն ունենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տաիկի Կոունոն: Հանդիպման ընթացքում Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը հյուրերի ուշադրությանը ներկայացրեց երկու հրատապ խնդիր, որոնց լուծման դեպքում բուժհաստատությունում աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կունենան:

«Որքան էլ մենք զինված ենք ժամանակակից բուժսարքավորումներով, այդուհանդերձ, արդի բժշկության պահանջներն իրենց պայմանները թելադրում են: Հիմա մենք կարիք ունենք լապորոսկոպիկ վիրահատությունների համար համապատասխան սարքավորում ձեռք բերելու: Շատ ենք կարեւորում նաեւ ծանր դեպքերի համար հատուկ շտապօգնության մեքենայի ձեռքբերումը: Եթե աջակցության ծրագրերը կշարունակվեն, ցանկալի կլինի մեզ աջակցություն ստանալ հենց նշված ուղղություններում»,-նշեց Արմենակ Մելքումյանը: Տաիկի Կոունոն, ի պատասխան տնօրենի հարցադրման, խոստացավ խնդիրը ներկայացնել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ուշադրությանը: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]