1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ և Մադագասկարի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերություններն առավել սերտացնելու ուղիները

ՀՀ և Մադագասկարի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերություններն առավել 
սերտացնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Մադագասկարի արտաքին գործերի նախարարի այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում և հավելեց, որ Մադագասկարը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկիր, այս տարի՝ երևանյան գագաթաժողովին ՖՄԿ-ում նախագահությունը կփոխանցի Հայաստանին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Մադագասկարի ԱԳ նախարարը նշեց, որ շատ տպավորված է եղբայրական ջերմ ընդունելությունից և ընդգծեց, որ Մադագասկարը շահագրգիռ է առաջ մղել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Անրի Ռաբարի-Նձական ասաց, որ երկու երկրները, հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, դավանում են ընդհանուր արժեքներ, որոնք հիմնված են մարդասիրության, եղբայրության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա:

Ընդգծելով, որ Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերությունները խորացնելու համար առկա է երկկողմ պատրաստակամություն՝ նախարարները համոզմունք հայտնեցին, որ այս այցը նոր սկիզբ կդառնա տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման համար՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Կողմերը համակարծիք էին, որ անցած տարիների ընթացքում համագործակցության դրական փորձ է կուտակվել, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ տարբեր բնագավառներում գործընկերության հետագա զարգացման ու խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռաբարի-Նձական քննարկեցին Մադագասկարի նախագահի այս տարվա մայիսին Հայաստան նախատեսվող պետական այցին վերաբերող հարցեր՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ այն կարող է նոր խթան հանդիսանալ տարբեր բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ: Երկուստեք կարևորվեց երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ փոխադարձ աջակցությամբ կազմակերպության գագաթաժողովը հյուրընկալելուն, և այդ համատեքստում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլև՝ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի ԱԳ նախարարը ջերմությամբ վերհիշեց, որ 2015թ. Երևանում Մադագասկարը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը, ու երեք տարի անց նույն վայրում բարեկամ Մադագասկարը ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Հայաստանին։ Նշվեց նաև, որ հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը քույր քաղաք Երևանում անցկացնելու վերաբերյալ, քանի որ 37 տարի առաջ՝ 1981թ. Երևանն ու Անտանանարվիվոն դարձել էին քույր քաղաքներ։

Հայաստանի արտգործնախարարը Մադագասկարի գործընկերոջը ներկայացրեց այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, գագաթաժողովի հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։

Երկուստեք կարևորվեց գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովին Մադագասկարից գործարարների մասնակցությունը և նրանց ներգրավումը ստեղծվելիք Ֆրանկոֆոն գործարարների ցանցում:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Հանդիպումից հետո Հայաստանի և Մադագասկարի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]