Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի բնակչի սպանության դեպքի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի սպանության հանգամանքները:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, փետրվարի 23-ի ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում և հնարավոր է ներսում մարդ լինի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 06։40-ին, հարևանները նկատել են, որ համագյուղացի, 1957 թ. ծնված Ռ.Հայրապետյանի տանը հրդեհ է բռնկվել և ահազանգել: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1957թ. ծնված Ռ.Հայրապետյանի այրված-ածխացած դիակը։ Դիակի դիահերձման արդյունքում Ռ.Հայրապետյանի մարմնից՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի մաշկի տակից, դուրս է բերվել 2 պլաստմասե պիժ-կոնտեյներ (որսորդական հրացանի փամփուշտի կոտորակներ), ինչպես նաև՝ ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռ.Հայրապետյանի սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ