Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան

Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները 
հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է եվրոպական ինստիտուտների կողմից Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին եւ հռետորաբանությանը համարժեք թիրախային գնահատականներ տալու կարեւորությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը եւ հակահայ հայտարարությունները քայլեր են՝ ուղղված տարածաշրջանի անվտանգության ապակայունացմանը, որոնք նաեւ նվազեցնում են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները:

Արմեն Աշոտյանը նշել է նաեւ, որ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է, իսկ հակառակը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից եւ այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում:

Հանձնաժողովի նախագահը նաեւ մեծապես կարեւորել է Արցախի ժողովրդի ներգրավվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական, սոցիալական եւ այլ ծրագրերում:

Անդրադառնալով խորհրդարանական հարթությունում ակտիվ համագործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է, բազմաշերտ եւ օրենսդիրներին առկա հիմնախնդիրների լայն շրջանակ քննարկելու մեծ հնարավորություններ է ընձեռում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում առավել կառուցողական համագործակցությունը, մասնավորապես եվրոպական խորհրդարանական վեհաժողովներում: Արմեն Աշոտյանը ցավով արձանագրել է, որ ադրբեջանական պատվիրակությունների պահվածքը նման ձեւաչափերում հաճախ անառողջ է եւ հայատյաց պետական քաղաքականության շարունակությունն է:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արմեն Աշոտյանը կարեւորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի արագ եւ դյուրին վավերացումը: Այս համատեքստում նաեւ ընդգծվել է խորհրդարանական հարթակներում ԵՄ-ի նոր համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներում առավել նպատակային աշխատանքների իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանն այս հարցում ունի եվրոպական ինստիտուտների աջակցության կարիքը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]