Հայոց ցեղասպանության մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը սրել է այդ երկրի հետ Թուրքիայի հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու որոշումների ընդունումն ավելի է լարել Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունները:
Խորհրդարանում քննարկումից անմիջապես հետո Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեսթստարեն դեռ փետրվարի 17-ին կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ պաշտոնական Անկարան հայտնել էր, թե իր համար «անընդունելի է պատմական դեպքերի քաղաքականացումը»:
Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության մասին երկու որոշումներն էլ Նիդերլանդների խորհրդարանում փետրվարի 22-ին ընդունվեցին ձայների բացարձակ մեծամասնությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևերի քննարկումից և ընդունումից անմիջապես հետո հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են ընդունված որոշումները»: Պաշտոնական Անկարայից նշել են, թե որոշումները «իրավական առումով պարտադրող բնույթ և վավերականություն չունեն»:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները լարվել էին դեռևս 2017 թվականին, երբ Նիդերլանդների կառավարությունն արգելել էր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իրենց երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից հանրահավաքների անցկացումը: Այն բանից հետո, ինչ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին Նիդերլանդներում վայրէջքի թույլտվություն չէին տվել, Գերմանիայից ցամաքային ճանապարհով այդ երկիր էր մտել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, սակայն նրան «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:
Թուրքիայի ղեկավարությունը Նիդերլանդների հասցեին սկսել էին հանդես գալ կոշտ հայտարարություններով, իսկ նախագահ Էրդողանը մի քանի անգամ մեղադրել էր այդ երկրին ֆաշիզմի և նացիստական պահվածք դրսևորելու մեջ:
Հարաբերությունները կարգավորելու մասին բանակցությունների վերջնականապես ձախողվելու մասին հայտնի դարձավ արդեն 2018 թվականի փետրվարի 5-ին, երբ Նիդերլանդները հայտարարեց, որ պաշտոնապես հետ է կանչում Թուրքիայում իր արտակարգ և լիազոր դեսպանին: Դեսպանը Անկարան լքել էր դեռ 2017 թվականի մարտին, սակայն Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրենք որոշում են կայացրել նրան այլևս Թուրքիա չուղարկելու մասին: Բացի այդ, արտգործնախարարությունից հայտնել էին նաև, որ չեն ընդունելու Թուրքիայի կողմից իրենց երկրում նոր դեսպանի նշանակումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում