Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վայոց ձորի մարզում կանխատեսվում է 1400 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն. մարզպետի հարցազրույցը

 Վայոց ձորի մարզում կանխատեսվում է 1400 նոր աշխատատեղերի ստեղծման 
հնարավորություն. մարզպետի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորում զբոսաշրջության ոլորտը զարգացման մեծ հնարավորություններ ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ ոլորտի զարգացման դինամիկան ակնհայտ է: Մարզպետն անդրադարձավ ընթացիկ տարվա ներդրումային հնարավորություններին:

-Պարոն Սարգսյան, ասացեք խնդրեմ, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր Վայոց ձորի համար: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Քանի որ Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, ցանկանում են խոսել նախ այդ ոլորտի մասին:  Ներկայացնեմ գյուղատնտեսության ոլորտում 2017 թվականին արձանագրված հաջողությունները, նշելով, որ ոլորտում եղել են եթե ոչ ակնառու ձեռքբերումներ, ապա` տեսանելի առաջընթաց:

Վայոց ձորի մարզում 2017 թվականին արտադրվել է 23.8 միլիարդ դրամի համախառն արտադրանք, որը կազմում է հանրապետական ցուցանիշի 2.6 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ համախառն արտադրանքն ավելացել է 2.0 միլիարդ դրամով կամ 8.4 տոկոսով: Մեկ շնչի հաշվով արտադրվել է 476 հազար դրամի գյուղատնտեսական արտադրանք:                                        

Գյուղատնտեսության ոլորտի  ձեռքբերումները՝  թվերի տեսքով. 2017 թվականին մարզի պտղատու այգետարածքներն ավելացել են 128 հեկտարով, խաղողի այգիները կազմել են 862.5հա, որը ավելի է 18.5 հեկտարով: 2017 թվականին արտադրվել է 4065տ խաղող` (նախորդ տարվա համեմատ ավել է 2087տ,) մթերվել է` 2335տ, որից մարզում գործող վերամշակող ընկերությունների կողմից` 1120տ: Արտադրվել է 8000տ պտուղ:  Եղեգնաձորի պահածոների գործարանը մթերել է 1690տ պտուղ-բանջարեղեն, որից պտուղ` 235տ, բանջարեղեն` 1455տ: Ինտենսիվ եղանակով մշակվում է 43 հա հողատարածք, որից` 5.7 հա պտղատու այգի, 25.3 հա խաղողի այգի և 12 հա հատապտուղ (մորի, մոշ): Կաթիլային եղանակով ոռոգվում է` 70 հա պտղատու և  խաղողի այգիներ:

Մարզում գործում են 169 ֆերմերային տնտեսություններ: Կոոպերատիվներ տնտեսությունների թիվը 27-ն է, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ չրի արտադրության,  անասնապահության, բուսաբուծության, մրգի սառնարանային պահպանության, կաթի մթերման և վերամշակման և այլն: Մարզի 14 բնակավայրերում առկա են 44 ջերմոցներ, 2,3  հա ընդհանուր տարածքով:

Մարզի գյուղատնտեսության արտադրության արդյունավետությունը մեծ չափով պայմանավորված է  ոռոգելի հողատարածությունների ավելացմամբ: Այս պահին մարզի վարելահողերի ընդամենը 17 տոկոսն է ոռոգելի: Համայնքներում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ եթե կառուցվի 56.2 կմ ոռոգման ջրագիծ և 11 կմ ներքին ցանց, ապա ոռոգելի հողատարածությունները կավելանա 1131 հեկտարով:

Մյուս կարևոր ոլորտի՝ արդյունաբերության  մասին ասեմ, որ  մարզի արդյունաբերական ձեռնարկությունները 2017 թվականին  թողարկել են 16.844 միլիարդ դրամի համախառն արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է   4.3%: Արդյունաբերության մեջ գերակշռող ուղղությունը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մեկ շնչի հաշվով արտադրվում է 318 հազ. դրամի արդյունաբերական արտադրանք:  Մարզի համախառն արտադրանքը կազմում է հանրապետության համախառն արտադրանքի 1.2 տոկոսը: 

Յուրաքանչյուր մարզի կենսագործունեության կարևոր ուղղություններից է առողջապահության ոլորտը: Նշեմ, որ մարզում գործում են 8 բժշկական հաստատություն, որից 3 բժշկական կենտրոնները սպասարկում են Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների սպասարկման տարածքներում հաշվառված ազգաբնակչությանը: Մարզի բուժական մանկաբարձական կետերը 35-ն են: Աշխատանքներ են իրականացվել առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների ծավալների մեծացման ուղղությամբ` ինչը դրական անդրադարձ է ունեցել կազմակերպությունների հասույթի ձևավորման վրա: Մարզային առողջապահական կազմակերպությունների բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը 2017 թ. կազմել է 9.4%:

Ուզում եմ տեղեկացնել  նաև,  որ Վայոց ձորում բնակվող հեմոդիալիզի կարիք ունեցող 12 հիվանդներ 2016 թվականից այլևս մայրաքաղաքում չէ, որ ստանում են բուժսպասարկում, քանի որ նրանց սպասարկումն  իրականացվում է  «Վայքի ԲՄ» ՓԲԸ-ում: «Վայքի ԲՄ» ՓԲԸ-ում գործում է հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ տեղադրվել են դիալիզի ժամանակակից 3 նոր սարքավորումներ, որոնց գինը կազմում է  37 մլն. դրամ:  Նշված հիվանդների սպասարկման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության կողմից վերապատրաստվել են ԲՄ-ի բժիշկներ և բուժքույրեր: Դա ՀՀ իշխանությունների կողմից  մարզի առողջապահության ոլորտում  կատարած շատ կարևոր ներդրում է:  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին, մարզում այդ կարևոր ներդրման համար:   Մարզի առողջապահության ոլորտում ամենամեծ ներդրումն  արվել է «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական կազմակերպության կողմից: Կազմակերպությունը «Վայքի ԲՄ»-ում կատարել է  100435 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որով ձեռք են բերվել բժշկական նոր սարքավորումներ և ԲՄ-ում վերելակ է տեղադրվել:

-Մարզպետարանի աշխատանքներում որո՞նք են լինելու 2018 թվականի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրների ու ծրագրերի վրա եք առաջնային կենտրոնանալու:

-Վայոց ձորի մարզի գերակա խնդիրները 17 կետով  ձևակերպվել են մարզ զարգացման ռազմավարական ծրագրում, որոնք էլ կլինեն մարզպետարանի գործունեության առաջնահերթությունները: Դրանք են հանքարդյունաբերություն, աղբահանություն, ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և այլն:  2018 թվականին նախատեսվում է սեփականաշնորհված, բայց չգործող հինգ օբյեկտների վերապրոֆիլման միջոցով կազմակերպել նոր արտադրամասեր (ավտոլվացման կետ, առևտրի կետ, հասարակական սնունդ, հյութերի  արտադրություն և այլն): Կներդրվի 80.0 մլն. դրամ, կստեղծվի 20-25 աշխատատեղ:  Մասնավոր ներդրողների ֆինանսավորմամբ  2017 թվականին կատարվել է 799.3 մլն. դրամի աշխատանքներ` (հյուրանոցներ, ՀԷԿ, հանգստյան գոտիների կառուցում), իսկ 2018 թվականին նախատեսվում է կատարել 4 մլրդ 141 մլն դրամի աշխատանքներ` հյուրատների, բազմամետաղային հարստատուցիչ ֆաբրիկայի, Վայք քաղաքի արևային կայանի կառուցում, ինչպես նաև «Թուֆեկյան» ընկերության կողմից հյուրանոցի կառուցում Արենի գյուղում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ 2018 թվականին Եղեգնաձորում կներդրվի 400 մլն. դրամ՝ քաղաքի թիվ 1 դպրոցի շինարարության համար, 135 մլն. դրամ՝ Ռինդի մանկապարտեզի վերակառուցման և կոյուղու գծի կառուցման համար, 75.8 մլն. դրամ՝ Ագարակաձոր և Վարդահովտ բնակավայրերում օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ) կազմման համար: Թվարկված բոլոր ծրագրերում  ՀՏԶ հիմնադրամի կողմից  ներդրումը  կազմում է 610.8 մլն. դրամ: Նախատեսվում է  նաև 2018-2019 թ.թ. կառուցել և շահագործման հանձնել   ժամանակակից  բժշկական սարքավորումներով հագեցած և արդի պահանջներին համապատասխանող մարզային բժշկական կենտրոնի նոր  շենքը:

-Աղբահանության և կոյուղու համակարգերի բարելավման խնդիրն օրակարգային է գրեթե բոլոր մարզերում: Վայոց ձորում այդ տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է: Իրավիճակի բարելավման համար այս տարի ի՞նչ աշխատանքներ են նախատեսված: Եթե չեմ սխալվում, նախատեսվում էր Եղեգնաձոր և Վայք քաղաքների կոյուղիների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:

- Նախ ներկայացնեմ  Վայոց ձորի մարզում աղբահանություն և սանմաքրման վիճակը:  Նշեմ, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով 2017 թվականին ստեղծվել է մարզային հանձնաժողով: Մարզային հանձնաժողովի կողմից համակարգվել են  համապետական 3 շաբաթօրյակների շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքները:

Մինչև 2017 թվականի մայիսի 27-ի շաբաթօրյակը ՀՀ Վայոց ձորի մարզում քարտեզագրվել և հատկորոշվել էր 129 աղբավայր:  2017 թվականի մայիսի 27-ին և դրանից հետո փակվել է քարտեզագրված և հատկորոշված 112 աղբավայր:  Թվով 4 աղբանոցների փակման համար, որոնք ունեն փակման ենթակա աղբանոցների կարգավիճակ, ՀՀ կառավարության որոշմամբ նախագծահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 210 հազար դրամ. նախագծահետազոտական աշխատանքները ավարտվել են 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ առկա է փորձաքննության եզրակացությունը: Աղբավայրերի փակման աշխատանքների մրցույթը տեղի կունենա 2018 թվականի առաջին եռամսյակում՝ կիրականացվեն շուրջ 7 մլն դրամի աշխատանքներ: Ներկայումս մարզի համայնքներում շահագործվում են 13 աղբավայրեր:

Իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների հետ 2017 թվականին կնքվել է 547 (61.18 տոկոսը)  պայմանագիր, մյուս գործող  347 տնտեսվարող սուբյեկտների հետ ներկայումս տարվում են պայմանագրերի կնքման աշխատանքներ: Նախատեսվում է 2018 թվականին իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի թիվը հասցնել 894-ի, այլ կերպ ասած՝ աղբահանության աշխատանքները կատարել 100 տոկոսով: Նախատեսվում է 2018 թվականին տնային տնտեսությունների հետ աղբահանության պայմանագրերի թիվը հասցնել 13160-ի, այլ կերպ ասած՝ աշխատանքները կատարել 80 տոկոսով:

Ինչը վերաբերում է Եղեգնաձոր և Վայք քաղաքների կոյուղիների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքներին, արդեն հայտնի է, որ դրանք  ներառված են մարզի գերակա խնդիրներում և ընդգրկվել են  2019-2021 թվականների Վայոց ձորի մարզի միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

-Պարոն մարզպետ, ընթացիկ տարում, Վայոց ձորում գործազրկության ինչպիսի՞ մակարդակ կա և մարզում ի՞նչ ներդրումային ծրագրեր են ակնկալվում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը:

-2017 թվականին մարզում գրանցվել են 1681 աշխատանք փնտրողներ, որը կազմում է նախորդ տարվա 80.5 տոկոսը, գործազուրկ են եղել 1147 մարդ, որը կազմում է նախորդ տարվա 74.6 տոկոսը: Ընդ որում մարզում գործազուրկների մեջ գերակշռում են կանայք, իսկ գյուղ-քաղաք կտրվածքով գործազրկության մակարդակը 4.6%-ով բարձր է քաղաքներում: Նշեմ, որ բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարևոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը: 2017 թվականին հանքավայրում աշխատողների թիվը կազմել է 1453 մարդ, որից 777 մարզից են:

Առաջ անցնելով ասեմ, որ 2018 թ. Վայոց ձորի մարզում  կանխատեսվում է 1400 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն, որից 200 տեղ գյուղոլորտում, իսկ   1200 ժամանակավոր և մշտական աշխատատեղեր՝ շինարարության և արդյունաբերության ոլորտներում:  Մարզում աղքատությունը կազմում է 18.8 տոկոս:

-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ զբոսաշրջությունը Վայոց ձորում բավական դինամիկ զարգացող ոլորտ է և, եթե, չեմ սխալվում, հայտարարված է գերակա ուղղություն: Կխնդրեմ ներկայացնեք այս ոլորտում վերջին տարիների դինամիկան:

-Իրապես, զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Մարզում առկա է շուրջ 1300 պատմամշակութային հուշարձաններ: Զբոսաշրջության զարգացմանը նպաստում են մարզում բազմաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների, բնական տեսարժան վայրերի առկայությունը, բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, Ջերմուկի հանքային ջրերի ճանաչելիությունը:  Այս ամենով  հանդերձ մարզը դարձել է զբոսաշրջության համար գրավիչ՝ տարվա չորս եղանակների համար: ՎՁ մարզում  կարելի է առաջադրել զբոսաշրջության հետևյալ  ուղղությունները՝ էկոտուրիզմ, գիտական տուրիզմ, բնական տուրիզմ, արկածային տուրիզմ (ժայռամագլցումներ, անձավագիտական տուրեր, լեռնային և հետիոտն երթեր, ձիավորություն լեռնային տարածքներով, կանյոնինգ, ձկնորսություն), պատմամշակութային տուրիզմ: 2016 թվականին մարզ են այցելել ներքին և արտաքին զբոսաշրջիկներ՝ 42000,  2017 թվականին   զբոսաշրջիկների թիվն ավելացել է, հասնելով 46000-ի:  Հուսանք, որ 2018 թվականին մարզ կայցելեն ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, քան 2017թվականին:

Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացումը, Թուֆենկյան ընկերության կողմից Արենի գյուղում հյուրանոցային համալիրի կառուցումը, Եվրոմիության դրամաշնորհային միջոցներով 13 հյուրատների վերանորոգումը, Ջերմուկ քաղաքում երեք հյուրանոցների կառուցումը և վերակառուցումը, Վայք քաղաքում «Թայմուր» հյուրանոցի կցակառույցի կառուցումը նոր խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար: Կարծում եմ համոզվեցիք, որ զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին Վայոց ձորի մարզում  արձանագրվել է քանակական և որակական աճ: Նշեմ նաև, որ զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: Մարզում  այս պահին գործում է 17 հյուրանոց, 68 հյուրատուն և 8 առողջարան: Ջերմուկում խոշոր ներդրումներ են սպասվում տարբեր ուղղություններով, մասնավորապես, ճանապարհների ասֆալտապատում, քաղաքային զբոսայգու բարեկարգում, հեծանվուղու և սանհանգույցների կառուցում, Դելֆինի լճակի հարակից տարածքի, ինչպես նաև դեպի ջրվեժ տանող ճեմուղու բարեկարգում և այլն:

-Այս տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհաշինարարական ծրագրեր են նախատեսված:

 -2018 թվականին մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական  կառուցվածքների  (կամուրջներ)  հիմնանորոգման և վերանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեի   միջոցներով  նախատեսվում են հետևյալ աշխատանքները. Մ2  Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 140-րդ կիլոմետրում 100 մետր հենապատի կառուցում, Մ2  Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 63-րդ և 68-րդ կիլոմետրերում կամուրջների վերանորոգում, Արենի համայնքի կամրջի և ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում, Գնդեվազի ներհամայնքային փողոցների բարեկարգում: Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել հետևյալ ճանապարհները և այլն: Նշեմ, որ մարզում կատարվում են նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգում: Օրինակ՝ Զառիթափ խոշորացված համայնքի միջոցների հաշվին կիրականացվի համայնքի  բնակավայրերի ներհամայնքային  ճանապարհների բարեկարգում:

-Եթե կարելի է անդրադառնանք համայնքների խոշորացմանը: Համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք: Արդյո՞ք դժգոհություններ կան կամ այս ընթացքում խնդիրներ եղել են:  

-Մարզի 6  խոշորացված համայնքներում (2016թ.՝ Ջերմուկ, Վայք, Զառիթափ, 2017թ.՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս)  ներկայումս ավելանում են բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական միջոցները, հետևաբար, զգալիորեն փոքրանում է միավոր ծառայության վրա կատարվող ծախսերը: Խոշորացումից հետո համայնքներում ընդգրկված բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել համայնքային բոլոր ծառայություններից հենց իրենց բնակավայրերում: Ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության ապահովման սկզբունքի պահպանման առումով՝ աշխատանքներ են տարվում համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում միկրոավտոբուսների ձեռք բերման ուղղությամբ, որը կապահովվի ներհամայնքային ուղղություններով տրանսպորտային կապի առկայությունը:  Զառիթափի խոշորացված համայնքում արդեն իսկ ձեռք է բերվել միկրոավտոբուս. ներկայումս աշխատանքներ են տարվում ներհամայնքային տրանսպորտի սպասարկման ուղիների ճշգրտման ուղղությամբ:     

Փոքր համայնքների տնտեսական և դեմոգրաֆիկ իրավիճակի  վատացման կանխատեսվող  հնարավոր ռիսկի տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ խոշորացման գործընթացից հետո չի արձանագրվել բնակավայրերի հնարավոր քայքայման որևէ դեպք կամ դրան նպաստող հիմք: Ավելին` ՏԻՄ-երի կողմից իրականացվող բոլոր ծառայություններն ավելի վերահսկելի և հասցեական են դարձել՝ ռեսուրսները գույքագրվել են, կատարելագործվում է ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցությունը: Հետևաբար` չկա նաև բնակավայրերից դեպի համայնքային կենտրոն, կամ խոշոր բնակավայրեր տեղափոխվելու միտում: Նախկին համայնքների աշխատակազմերում եղած մարդկային ռեսուրսներն օգտագործվել են հնարավորինս արդյունավետ:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]