Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/99. «Սովորական երկիր», «Ուխտագնացություն Արևելք», «Վիլ- Էվրար» գրքերն ամենավաճառվածներից են


ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը երկրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Չորս հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափին սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Օսկար Ուայլդի հանրահայտ «Դորիան Գրեյի դիմանկարը» առեղծվածային ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Այն գրողի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Անգլերենից թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել՝ Աշոտ Գաբրիելյանը:

Հինգերորդ հորիզոնականում երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» վեպն է: Այն հեղինակի երրորդ գիրքն է:

Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ստեղծագործությունը վեցերորդն է: Այն թարգմանել
է Աշոտ Ալեքսանյանը: Հեղինակը գրքում առավելապես ի ցույց է դրել իր թերություններն ու դժվարությունները, քան թե հավատը, որը, չնայած թուլություններին, հնարավոր է դարձրել իր կյանքը: «Ես այն զուտ բանաստեղծորեն ձևակերպել փորձեցի «Ուխտագնացություն Արևելք» գրքում»,-նշել է Հեսսեն:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը զիջել է իր դիրքերը և յոթերորդն է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Ութերորդ տեղում Մարկ Արենի նոր «Վիլ-Էվրար» ստեղծագործությունն է: Պիեսի հերոսներն են Կոմիտասը, շախմատիստներ Շպիլմախերը, Ալյոխինը, կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը, հոգեբույժ Էդմոնդ Ֆորսթերը: Գրքի բացահայտումներից մեկն այն է, որ Ֆորսթերն Առաջին համաշխարհային պատերազմի վերջին՝ 1918 թվականի հոկտեմբերին, աչքերից վիրավոր Հիտլերին բուժելու համար նրան բացառիկ անձ լինելու միտք էր ներշնչել: Հիտլերը, հավատալով իր բացառիկությանը, որոշում է նվաճել աշխարհը: Հետևանքը՝ տասնյակ միլիոնավոր զոհեր, ավեր, ավար… Եվ հոլոքոստ… Էդմոնդ Ֆորսթերը 1921 թվականին մահապատժից փրկեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանին՝ պնդելով,  որ սպանություն կատարելիս մեղադրյալի կամքն ազատ չէր: Ցեղասպանության զոհերից հանճարեղ երաժիշտ Կոմիտասի ապաստանն է Վիլ-Էվրար բուժարանը նրա կյանքի վերջին տարիներին: Այստեղ բացահայտվում է, որ նրա երաժշտությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, ունի նաև ամենաուղիղ իմաստով հոգի բուժելու հատկություն: Գիրքը թարգմանել է Հովհաննես Այվազյանը:

Բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը» վերադարձել է մեր աղյուսակ և իններորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել է Հայարփի Խաչատրյանը:

* Այս շաբաթվա «Երևանյան բեսթսելեր» նախագծի երրորդ հորիզոնականում պետք է հայտնվեր Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքը: Այն վաճառվել է 88 օրինակով: Տվյալները կանխավ չեն ընդգրկվել ցանկում, քանի որ գրախանութներից մեկը թյուրիմացաբար մեզ չի փոխանցել այդ արդյունքը: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 135
2 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 114
3 +4

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 49
4 +7

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 40
5 Նոր

Էդգար Կոստանդյան

«Սովորական երկիր»

Հեղինակային հրատ. 35
6 Նոր

Հերման Հեսսե

«Ուխտագնացություն արևելք»

Անտարես 31
7 -2

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 30
8 Նոր

Մարկ Արեն

«Վիլ-Էվրար»

Բուկինիստ 30
9 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 27
10 *

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Օրակուլ 24

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ