1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից

Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու 
ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և Հայ-ռուսական համալսարանի 5 ուսանողներ և ասպիրանտներ իրանագիտության դասընթացների են մասնակցել և գործնական գիտելիքներ ստացել Իրանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի մասնակիցները նշեցին՝ խոսակցական պարսկերենի, մշակույթի և պատմության գործնական գիտելիքները կփոխանցեն նաև մյուս ուսանողներին:

«Իրանում դասընթացներ անցնելու ծրագիրը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից ներկայացվել էր ԵՊՀ: Երկշաբաթյա իրանագիտական կուրսի համար բավական շատ դիմողներ կային, որոնցից ընտրվեցին չորս հոգի մեր ամբիոնից: Անցկացվեցին իրանագիտական դասընթացներ, ճանաչողական էքսկուսիաներ Թեհրանում և Քաշանում: Ծանոթացանք իրանագիտության խնդիրներին հենց երկրի ներսից: Դասընթացն ավելի շատ նվիրված էր բուն իրանագիտական ուսումնասիրություններին, բայց քանի որ այն ամբողջովին անցկացվում էր պարսկերենով, հետևաբար նաև համարվում էր լեզվի զարգացման կուրս»,-նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս և ասպիրանտ, ծրագրի մասնակից Գարիկ Միսակյանը:

Իրանում կայացել են 10 տարբեր դասախոսություններ՝ Իրանի պատմության հին և նոր շրջանի, իրանական առասպելաբանության, ճարտարապետության, մշակույթի և այլ ուղղություններով: «Դրանք կարևոր էին այնքանով, որ Իրանի դասախոսների ներքին կարծիքը ստացանք այդ խնդիրների շուրջ և կօգտագործենք Հայաստանի իրանագիտական դասընթացներում: Ինձ՝ որպես դասախոսի դասընթացն օգնեց հասկանալ նաև իրանական դասավանդման մեթոդը, կապեր հաստատեցի ոլորտի լավագույն դասախոսների, գիտական կենտրոնների հետ, որոնց հետ հետագայում կարող եմ համագործակցել: Իսկ ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալ նաև իրանցիների կյանքին, վարվելակերպին, որը դժվար կլիներ որևէ ուսանողի ներկայացնել դասերի միջոցով»,-նշեց Գարիկ Միսակյանը:

Ուսանողների խոսքով՝ բազմաթիվ ոլորտներից ստացած գիտելիքները կօգնեն նաև ընտրել հետագա մասնագիտական ուղղվածությունը մագիստրատուրայում:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նարե Գևորգյանի խոսքով՝ դասընթացներն ընդհանուր զարգացվածություն են տվել իրեն: «Կոնկրետ պարսկերեն լեզվի մասին չէր դասընթացը, սակայն շփումը մեծ հնարավորություն տվեց զարգացնել լեզվի ունակությունները: Համալսարանում մենք սովորում ենք գրական պարսկերեն, իսկ Իրանում լսեցինք խոսակցականը, որը բավականին տարբերվում է: Իսկ Իրանում ապրելու համար հենց խոսակցական պարսկերենն է շատ կարևոր: Էքկուրսիաները մշակույթի և պատմության մասին մեր գիտելիքներն ավելի պատկերավոր դարձրեցին»,-ասաց ուսանողուհին ու հավելեց, որ դեպի լավն են փոխվել նաև այդ երկրի մասին իր պատկերացումները:

Նույն ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողի Սրբուհի Ղազարյանը նշեց՝ Հայաստանում հիմնականում ստանում են տեսական գիտելիք: Սակայն յուրաքանչյուր ուսանողի համար շատ կարևոր է գործնականում դրանք կիրառելը: Եվ այդպիսի հնարավորություն են տալիս հենց նման ծրագրերը: «Վերադառնալուց հետո հենց առաջին դասին դասախոսի հետ քննարկեցինք մի շարք հարցեր, որի մասին արդեն լսել էինք Իրանում: Գիտելիքներով կիսվում ենք մեր ընկերների և դասախոսների հետ»,-նշեց նա:

Պատմությանը, գրականությանը, պարսկերենի ընդհանուր զարգացվածությանը, առասպելաբանությանը վերաբերող օրական 5-6 ժամ տևողությամբ դասերը տվել են խտացված գիտելիքներ և գործնական հմտություններ: ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարիի հետ հանդիպմանը ուսանողները նշեցին, որ  դասընթացները շատ ծավալուն էին և մեծ պատմությունն ու գրականությունը սովորել են խտացված:

«Մենք իսկապես մեծ գրականություն և մի ծով հայտնի դեմքեր ունենք: Սակայն ադրբեջանցի և թուրք տարբեր մասնագետներ հաճախ պնդում են, թե իրանցի շատ տաղանդավոր գրողներ իրենց ազգից են: Մեկին, ով մի որոշ ժամանակ ապրել է Ադրբեջանում, փորձում են վերագրել իրենց ազգությունը: Քանի որ մեր գրողները շատ են, այդ է պատճառը, որ ծրագիրը ծանրաբեռված է եղել»,-նկատեց Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին:

Նա հույս հայտնեց, որ կկարողանան լավ մշակութային համագործակցություն ձևավորել: «Մենք ձեզ չէինք ուղարկել պարզապես որպես զբոսաշրջիկներ, այլ ուզում էինք, որ ծանոթանայիք Իրանի մշակույթին, պատմությանը և այն ներկայացնեիք ձեր ընկերներին»,-եզրափակեց Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին:

Իրանագիտության նման ծրագրեր կազմակերպվում են տարեկան 2-3 անգամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]