Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արձանագրում է, որ 30 տարի առաջ այս օրերին գրվել է տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան, Ադրբեջանը փորձեց լռեցնել արցախահայությանը երկրի ողջ տարածքում հայկական ջարդերի ալիքով: «Այս քաղաքականության առաջին դրսևորումը եղան Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը: Եվ այդ բռնությունների ալիքը, որը սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն այսօր դարձել է այդ երկրի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա նրանք կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցումը և կայացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Նա շեշտեց, որ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: «Մենք դրան ականատես եղանք 2013 թ., երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և հերոսացվեց: 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում աշխարհը նորից ականատես եղավ հայերի նկատմամբ Ադրբեջանի հասարակության մեջ սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե խաղաղ բնակչության, թե ռազմագերիների դեմ: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, միջազգային հումանիտար և մարդու իրավունքների նորմերն այդ երկրի իշխանությունների համար դատարկ հնչյուն են»,- ընդգծեց Քոչարյանը:

Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերին, հասարակությունը խաղաղության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց ռազմատենչ և առավելապաշտական քաղաքականությունը: «Արցախի ժողովրդի՝ խաղաղ, ժողովրդավարական և ազատ երկրում ապրելու օրինական պահանջին Ադրբեջանի իշխանությունների կողմից ուժով և ուժի սպառնալիքով պատասխանելու քաղաքականությունն է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների մոտ հասունանում է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը: «Հավատարիմ լինելով ղարաբաղյան շարժման գաղափարներին և նպատակներին՝ համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ, երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն՝ բացառելու նոր սումգայիթների հնարավորությունը, հասնելու Արցախի միջազգային ճանաչմանը, երաշխավորելու տարածաշրջանում հայության անվտանգությունը և բարգավաճումը»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]