Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է. «բացառիկ կինոհանճար» Արտավազդ Փելեշյանը նշում է 80-ամյա հոբելյանը

Կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է. «բացառիկ կինոհանճար» Արտավազդ 
Փելեշյանը նշում է 80-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որի տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, համաշխարհային կինոյի դասականներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փելեշյանը փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 80-ամյակը:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։ Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը», մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկյանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարպետի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

Փետրվարի 23-ին Օպերային թատրոնում Մշակույթի նախարարությունը կկազմակերպի հոբելյանական երեկո՝ նվիրված Վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]