Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում

Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ 
հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները ողջոնում են դեղերը դեղատոմսով գնելու Առողջապահության նախարարության գաղափարը. պետք է սահմանափակել ինքնաբուժությամբ զբաղվելու հնարավորությունները: Թերապևտ, ընտանեկան բժիշկ, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դեղերի վաճառքի ոլորտը կանոնակարգելու անհրաժեշտություն կա:
«Դեղերը դեղատոմսով ձեռքբերելը եվրոպական պրակտիկա է: Ի վերջո գաղտնիք չէ, որ հիվանդն ինքնագլուխ քայլեր է կատարում, բուժում իրականանցնում դեղատան աշխատողի խորհրդով: Պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ բուժումը կազմակերպվի բժշկի ուղղորդմամբ: Սա լավ նաձեռնություն է: Վրաստանում փորձ արվեց այս կարգը մտցնել, սակայն տեսան, որ չաշխատեց, դեղատոմսերը նորից հանեցին: Հիմա, թե մեզ մոտ որքանո՞վ կաշխտի, ժամանակը ցույց կտա, բայց գաղափարը լավն է»,-ասաց Աննա Մարտիրոսյանը: 
Չնայած դրան, բժիշկը կարծում է, որ որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտություն կա, որովհետև այս գործընթացով պայմանավորված` մի շարք խնդիրներ են ի հայտ գալու, որոնք պետք է հաշվի առնել: 
«Տեսեք, ես ունեմ հիվանդ, ում հետ աշխատում եմ տարիներ շարունակ: Ես գիտեմ նրա հիվանդություն պատմությունն ամենայն մանրամասնությամբ, հետևաբար շատ լավ գիտեմ սրացումների դեպքում ինչ խորհուրդներ տամ: Հիվանդը գիշերվա ժամին խնդիր ունենալու դեպքում զանգահարում է ինձ, ես ուղղորդում եմ այդ պահին ինչ դեղեր ձեռքբերի դեղատնից ու ընդունի վիճակը թեթևացնելու համար, մինչ առավոտյան կգա հիվանդանոց: Այս նոր կարգով այլևս չեմ կարող անել: Դա բացառվելու է, հիվանդը վատ վիճակում զանգահարի, այդ պահին ինձնից ոչ մի օգնություն ստանալ չի կարող: Այստեղից էլ հետևություն, որ հիվանդանոցների, շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունն է ավելանալու: Հետևաբար դա պետք է հաշվի առնել»,-ասաց Աննա Մարտիրոսյանը:
Խոսելով բժիշկների մոտ սպասվող ծանրաբեռնվածության մասին` Աննա Մարտիրոսյանը նշեց, որ օրվա ընթացքում մինչև 80 զանգով դեղեր է նշանակում, հեռահար աշխատում է իր հիվանդների հետ, որոնց հիվանդության պատմությունը շատ լավ գիտի: 
«Հիմա պատկերացնում եք, այդ 80-ն էլ գան ինձ մոտ: Բժիշկների ծանրաբեռնվածությունից բացի, նաև պետք է հիվանդների մասին էլ մտածել: Գլխացավի դեղի համար անիմաստ հերթ կանգնելն էլ ճիշտ չէ կամ այդքան սպասի ճնշման դեղի համար, մինչև հերթը հասնի ճնշումն ավելի կբարձրանա»,-ասաց նա: 
Քաղաքացին դեղատնից ցանկացած դեղ ազատ գնելու իրավունք չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը` ընդգծելով, որ նախարարության նախաձեռնությունը շատ լավն է, դա վաղուց պետք է արվեր: 
«Քաղաքացին ցանկացած դեղ դեղատնից ազատ գնելու իրավունք չպետք է ունենա: Բժիշկը պետք է տա համապատասխան դեղատմոսը, ստորագրի և պատասխանատու լինի իր նշանակումների համար: Սխալ նշանակման դեպքում էլ բժիշկը կրի պատասխանատվություն: Ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքերը բազմաթիվ են: Շատերն առանց մասնագետի հետ խորհրդակցելու գնում են դեղատուն ձեռքբերում իրենց մտացածով, հարևանի, բարեկամի խորհրդով, դեղատան աշխատակցի առաջարկով դեղեր և ընդունում: Առանց մտածելու, որ դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Այսօր ուզում ենք այնպիսի իրավիճակ լինի, որ դեղերը հասանելի լինեն հիվանդի համար` մտածելով, որ դրանով նրա ծախսերը թեթևացնում ենք: Բայց իրականում մենք նրա ծախսերն ավելացնում ենք, երբ սխալ դեղեր է խմում, հիվանդությունն էլ ավելի է բարդանում»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքով,  հիվանդները, այդ դեղերը խմելով, հիվանդության դեմ չեն պայքարում, պարզապես ժամանակ են ձգում, իսկ այդ ընթացքում հիվանդությունը խորանում է:  
«Եթե ցավում է, ուրեմն հիվանդություն կա, եթե ցավազրկում ենք առանց իմանալու ինչ հիվանդություն է, մենք փակում ենք հիվանդության երևացող մասը: Դրա համար ցավազրկող դեղերն իրավունք  չունեք խմելու առանց ճշտելու, թե ինչն է հիվանդությունը: Բժշկությունը խաղ չէ»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը: 
Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը ևս կարևոր է համարում դեղերը դեղատոմսով գնելու Առողջապահության նախարարության նախաձեռնությունը: Նրա խոսքով, դրա արդյունքում ունենում ենք ոչ ադեկվատ դեղորայքային միջոցների օգտագործումից զերծ մնալու իրավիճակ: 
«Երկու անգամ փռշտացող հիվանդը կամ մի քանի օր ջերմող երեխայի մայրը ինքնակամ չի որոշի որպես միջոց օգտագործել հակաբիոտիկներ: Այդ առումով գաղափարն ինքնին շատ լավն է, բայց խնդիրներն անխուսափելի են: Որոշումն ընդունվել է, մարտի 1-ից կիրառության մեջ է մտնում, սակայն այս փուլում մենք անգամ չունենք որոշակի բլանկների մասին ինֆորմացիա,  բժիշկները տեղեկացված չեն ինչ սկզբունքով են աշխատելու, մենք չունենք դեռ բլանկների ձև: Ստացվում է, որ մյուս դեպքերի նման, օրենքը, որոշումն ընդունում են, նոր աշխատում են հետևանքների վրա»,-ասաց նա:
Ամեն դեպքում, բժիշկը ենթադրում է, որ որոշ ցավազրկողներ պետք է վաճառվեն առանց դեղատոմսերի, բայց լուրջ ցավազրկողները խորուրդ է տրվելու, իհարկե, բժշկի նշանակմամբ:
«Ես այստեղ մեկ խնդրի եմ ուզում անդրադառնալ: Մենք առ այսօր ունենք որոշ բժիշկներ, ովքեր պացիենտին դեղ են վաճառում: Այսինքն` հիվանդի մոտ որոշ խնդրի լուծման համար գումար են ուզում, որը ներառում  է նաև դեղորայքը: Այդ մոտեցումն ինձ համար ընդունելի չի եղել: Հիմա նոր ռիսկ է ստեղծվում: Երբ դեղորայքի ձեռբերումն ավելի դժվարանում է, բժիշկն ավելի մեծ լծակ է ունենում պացիենտին դեղ վաճառելու գործում»,-ասաց Կարեն Վարդանյանը: 
Ամփոփելով` մասնագետը նշեց, որ գաղափարը ողջունելի է, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն:
Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության կայքէջում: Կառավարության որոշմամբ, դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողելու կարգը փոխվում է:

Աննա Գզիրյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]