Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանացի մեծանուն կոմպոզիտորների մասին «Գերմանական կվինտետ» գիրքը հանձնվեց ընթերցողի դատին

Գերմանացի մեծանուն կոմպոզիտորների մասին «Գերմանական կվինտետ» գիրքը 
հանձնվեց ընթերցողի դատին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գերմանական կվինտետ» գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն կոմպոզիտորներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: Հեղինակը «Գերմանական կվինտետ»-ը նվիրում է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Աշխատանքն, այնուամենայնիվ, մեծամասամբ լրագրողական էր: Ի՞նչ է լրագրությունը: Այն հետաքրքիր պատմություն պատմելու արվեստ է: Հետաքրքիր կարելի է պատմել ամեն ինչի մասին՝ օրգանական քիմիայի, քվանտային ֆիզիկայի և այլն: Ես  հինգ տարի Խորհրդային միության լավագույն բուհերից մեկում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ուսումնասիրել եմ երաժշտություն: «Սիմֆոնիկ պարտիտուրների ընթերցում» առարկան դասավանդում էր Դավիթ Խանջյանը, որին նվիրված է այդ գիրքը: Մի բան է, երբ դու պարզապես լսում ես, մեկ այլ բան է, երբ դու պատկերացնում ես ամբողջ պարտիտուրը՝ ֆլեյտայից մինչև  կոնտրաբաս: Դա մեծ երջանկություն է, որը ինձ պարգևել է այդ հրաշալի դիրիժորը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամ Աբրահամյանը:

Հեղինակը գրքում ընդգծում է, որ մեծ հաշվով կամայականորեն է ընտրել Բեթհովենին, Շուբերտին, Շումանին, Բրամսին և Բրուքներին: Նա գրում է, որ 19-րդ դարի գերմանական երաժշտական մշակույթը ներկայացված է նաև Վեբերի, Մենդելսոնի, Վագների և գուցե մի շարք այլ պատկառելի անուններով, սակայն այդ նշանավոր արվեստագետների երաժշտությունն իրեն հոգեհարազատ չէ, և ինքը չի կարող նրանց գործունեության միջոցով բացահայտել իրեն հետաքրքրող թեման՝ Մարդու «կռիվը» միջավայրի հետ:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ և գրքի խմբագիր Սեդա Շեյրանյանն ասաց, որ իր աշխատանքն այս գրքում բավականին քիչ էր. խմբագրել պրոֆեսիոնալ լրագրողի, խմբագրի գրած գիրքը շատ շնորհակալ գործ է: «Այս գիրքը շատ կարևոր է, որովհետև համաշխարհային երաժշտությունը ներկայացնող մեծամեծերին նվիրված հայալեզու քիչ գրականություն կա: Սա դասագիրք չէ, վերլուծական գիրք չէ, երաժշտագիտական ուսումնասիրություն չէ, սա շատ խելացի, զարգացած, մեծ մտահորիզոն ունեցող մարդու ազատ մտորումներն են այս կոմպոզիտորների մասին»,-նշեց խմբագիրը:

Գիրքը բաղկացած է հինգ մասից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է հիշյալ ժամանակաշրջանի երաժշտական մեծությանը:

Արամ Աբրահամյանը ծնվել է 1960 թվականին:  1983-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը: Արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում է ստացել 1988 թվականին: 1991-ից աշխատում է որպես լրագրող:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]