Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը անհեթեթ է համարում Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումը՝ գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ձերբակալման պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիմումի վերաբերյալ Հայ դատի գրասենյակի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ այդ դիմում է զուրկ է որևէ իրավական հիմքից և դատապարտված է Ինտերպոլի կողմից մերժվելուն:

«Ադրբեջանի նմանատիպ դիմումները նախկինում մերժվել են, քանի որ զուտ քաղաքական բնույթ ունեն և Ալիևի բռնակալ վարչակարգի կամքը միջազգային հանրությանը պարտադրելու ապարդյուն փորձեր են: Ադրբեջանի նույնանման հուսահատ քայլերը մամուլում էժան աղմուկ բարձրացնելու և, ընդհանուր առմամբ վախի մթնոլորտ տարածելու նպատակ են հետապնդում: Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում պետք է նշվի Արցախյան շարժման 30-ամյակը, Ադրբեջանը փորձում է իր հերյուրանքներով շեղել եվրոպական հասարակության ուշադրությունը»,- նշվում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ: 

Մեկնաբանելով Ադրբեջանի այս քայլը՝ գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ այդ քայլը մեկն է Ադրբեջանի իշխանության հուսահատ քայլերից: «Արդյոք պետք է հիշեցնել Ալիևին, թե ինչ արագությամբ մերժվեց Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ուղարկված վերջին թղթածրարը, որը բողոքում էր Եվրախորհրդարանի երեք պատգամավորների Արցախ կատարած այցի առնչությամբ»,- նշել է Կարապետյանը՝       հավելելով, որ եվրոպական ցանկացած երկրի քաղաքացի, լրագրող կամ քաղաքական գործիչ, ով ցանկանում է այցելել Արցախ և իրավիճակին տեղում ծանոթանալ, ունի նման իրավունք:

«Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ կտայի այսպիսի ապարդյուն նախաձեռնությունների փոխարեն իր ժամանակը ծախսել սեփական երկրում մարդու իրավունքների խախտումների դեպքերը վերացնելու ուղղությամբ»,- եզրափակել է Գասպար Կարապետյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ