Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում

Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. 
Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման և գործակցության ընդլայնման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանն ասաց Վեհափառը, ով հայ-լիբանանյան հարաբերությունները որակեց բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ-ն ուրախությամբ փաստեց, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն  արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։

«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցուն բարգավաճում»,-ասաց Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս հայտնեց, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաև լիաբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,-ասաց օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։

Լիբանանի նախագահը եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացավ բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվեց Նոյյան Տապանի Մասանց պահարանի և համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ Սուրբ Գեղարդի ցուցափեղկերի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի ավարտին Միշել Աունը մոմ վառեց Մայր տաճարում։

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]