Նորածինների մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել Է Պակիստանում. ՅՈՒՆԻՍԵՖ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում գրանցվել Է նորածինների մահացության ամենաբարձր մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետազոտությունը, որում ասված Է, որ ամեն տարի աշխարհում մահանում Է 2 մլն 600 հազար մանկիկ, որոնք մեկ ամիս Էլ չեն ապրել:
«Պակիստանում հազար մանկիկներից մահանում Է 46-ը. դա ամենից շատն Է աշխարհում: Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Աֆղանստանը երկրորդ եւ երրորդ տեղերում են նորածինների համար ամենավտանգավոր երկրների ցուցակում»,-ասված Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում գրանցվել Է մանկական մահացության ամենացածր ցուցանիշը՝ 1 դեպք 1111 նորածինների հաշվով: Ճապոնիային հաջորդում են Իսլանդիան եւ Սինգապուրը: Զեկույցի համաձայն, նորածինների համար վտանգի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրներից 8-ը գտնվում են Աֆրիկայում, Սահարայից հարավ ընկած շրջանում, որտեղ հղի կանայք բավարար ծավալի բժշկական օգնություն չեն ստանում աղքատության, հակամարտությունների եւ բուժհիմնարկությունների սարքավորվածության ցածր մակարդակի պատճառով:
Փաստաթղթում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծաբանները նշում են, որ մահերի ավելի քան 80 տոկոսը պայմանավորված Է երեք պատճառով, որոնք կարելի Էր կանխել. դրանք վաղաժամ ծնունդներն են, ծննդաբերության ժամանակ դիտվող բարդացումները եւ ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ՝ թոքերի բորբոքումը եւ սեպսիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում