Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները՝ մեկ գրքով

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» 
ստեղծագործությունները՝ մեկ գրքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Նամակ պատանդին», «Փոքրիկ իշխանը» հանրահայտ ստեղծագործությունների առանցքում հեղինակի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող Լեոն Վերթն է. առաջին դեպքում՝ որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում որպես հեռու և մոտիկ բարեկամ, որին ձոնված է վեպը: Այս երկու գործերը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մեկտեղել է մեկ գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 21-ին Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում:

«Մեծ հաճույքով եմ թարգմանում Էքզյուպերիի ստեղծագործությունները: Կարծում եմ` նրա ցանկացած գործ բացառիկ է, քանի որ ընթերցելու առաջին իսկ օրից դրանք դառնում են մեր կյանքի անբաժան մասը, մեր կենսագրության միավորը: Կան ստեղծագործություններ, որոնց երազում են օրերից մի օր անդրադառնալ թարգմանիչները: «Փոքրիկ իշխանը» դրանցից մեկն է: Պատասխանատվության մեծ զգացում ունեմ, քանի որ Էքզյուպերին սիրված հեղինակ է, և մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պետք է ընթերցողին հասցնի իր սիրելի գրողին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

Նա ընդգծեց, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ է արել,  ավելի հասուն հայացքով նայել այդ գործերին և նորանոր խորքեր գտել:

Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն ասաց, որ «Էդիթ Պրինտ»-ը առաջիկայում պատրաստվում է հրատարակել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» ստեղծագործությունը, որը մեծ ճանաչում է  բերել հեղինակին ԱՄՆ-ում 1940-ականների սկզբներին: Կթարգմանվի նաև Էքզյուպերիի վերջին ստեղծագործությունը՝ «Միջնաբերդ»-ը, որը նրա ամենածավալուն գործն է:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Նամակ պատանդին», «Փոքրիկ իշխանը» գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին»-ը լույս է տեսել 1943 թվականին Միացյալ Նահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով հրատարակվել է «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]