Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայկական մանրանկարչության կենտրոն»-ի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերում մշակութային աջակցություն կիրականացվի

«Հայկական մանրանկարչության կենտրոն»-ի նախաձեռնությամբ սահմանամերձ 
գյուղերում մշակութային աջակցություն կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը «Հայոց այբուբեն» նախագծով սահմանամերձ գյուղերի երեխաների համար նախաձեռնել է «Հայոց այբուբենի սահմանը» մշակութային աջակցության ծրագիրը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՄԿ հիմնադրամի տնօրեն Արմեն Օհանյանը:

«ՀՄԿ հիմնադրամի «Հայոց Այբուբեն» նախագծով «Մինիատյուրա» ՍՊԸ-ի հետ համատեղ թողարկել ենք «Իմ այբուբենը»  հայկական մանրանկարչական գունավորման  ժողովածուն, որը նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար: Այս քայլով մենք ցանկանում ենք երեխաներին ավելի հասանելի դարձնել հայկական մանրանկարչությունն ու նրանց ժամանցը վերածել նաև ուսուցման: Մեր գլխավոր նպատակը ժողովածուն ամբողջ աշխարհի հայ երեխաներին հասցնելն է, ովքեր սկսում են սովորել հայոց տառերը: Եվ այս նպատակը սկսում ենք իրականացնել «Հայոց այբուբենի սահմանը» մշակութային աջակցության ծրագրով»:

 «Հայոց Այբուբեն» նախագծի ղեկավար Տաթև Սուքիասյանից փորձեցինք իմանալ «Հայոց այբուբենի սահմանը» մշակութային աջակցության ծրագրի մանրամասները:

«Հայոց այբուբենի սահմանը»  ծրագրի  հիմնական նպատակը մշակութային   աջակցության կազմակերպումն է  սահմանամերձ համայնքներին (հայկական մանրանկարչության և հայոց այբուբենի տարածում, մասնագիտական աջակցության կազմակերպում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին, մշակութային ծրագրերի համատեղ մշակում և գործարկում  ուսումնական հաստատության հետ, համայնքների ուսանողների զբաղվածության հիմնահարցերի ուսումանսիրություն և լուծումների մշակում): Իսկ «Իմ Այբուբենը» մանկական ժողովածուի տարածումը ծրագրային և ռազմավարական առաջնահերթություն է: Այն թողարկվել է հայ մշակութային ժառանգության բացառիկ արժեքների՝ 13-14-րդ դարերում ստեղծված հայկական մանրանկարների, զարդապատկերների, ինչպես նաև հայոց այբուբենի մանրանկարների՝ մարդագրերի, թռչնագրերի ուղղակի կիրառությամբ: Ծրագրի գաղափարական հենքը` հայ մշակույթն է, նրա տարածումն ու զարգացումը»,- նշեց Տաթև Սուքիասյանը:

«Արմենպրես»-ը տեղեկացավ նաև, որ «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը և Օմսկի «Լույս» հայկական մշակութային  կենտրոն» տարածքային հասարակական կազմակերպությունը համատեղ ձեռնարկել և իրականացրել են «Իմ այբուբենը» մանրանկարչական գունավորման ժողովածուի նվիրաբերումը Օմսկ քաղաքում գործող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան  հայկական կիրակնօրյա դպրոցի սաներին: Ինչը փաստում է ծրագրի հաջող մեկնարկը:

Կատարելով ահռելի աշխատանք ու ստեղծելով «Իմ Այբուբենը» ժողովածուն՝ նրանք, այնուամենայնիվ, ունեն աջակցության կարիք՝ ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար:

Ինչպես նշում է «Մինիատյուրա» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիք Սուքիասյանը, ով, լինելով քառօրյա պատերազմի մասնակից, իր սկսած գործը այժմ էլ շարունակում է հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելով, հիմնադրամն ու ընկերությունը բաց են բոլոր շահագրգիռ անձանց համար, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ հայրենանվեր ու հայապահպան գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]