1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում զարգացնում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները. տուրիստները կհեռանան գոհ ու տեղեկացված

Հայաստանում զարգացնում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները. 
տուրիստները կհեռանան գոհ ու տեղեկացված

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր վայրերում զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովող կենտրոնների թիվը կհասցվի 7-ի։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը, այսպիսի կենտրոններ արդեն գործում են Գառնիում, Գորիսում, Գյումրիում, Սևանում և Մեղրու ազատ տնտեսական գոտում:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս լիարժեք տեղեկատվություն տրամադրել Հայաստան եկած զբոսաշրջիկներին: «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսում ենք նոր տեղեկատվական կենտրոնի բացումը, որը հագեցած կլինի տեղեկատվություն տրամադրելու ամբողջ գործիքակազմով և գովազդատեղեկատվական նյութերով։ Բացի այդ՝ վաղ թե ուշ զբոսաշրջիկների հոսքը դեպի համայնքներ պետք է ավելի ակտիվանա, ինչը նշանակում է, որ մենք պետք է տեղեկատվական կենտրոններ ու լավ պատրաստված կադրեր ունենանք այդ վայրերում մարդկանց դիմավորելու և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Արա Խզմլայանն ընդգծեց Մեղրի ազատ տնտեսական գոտու տարածքում տեղեկատվական կենտրոնի գործունեության կարևորությունը հատկապես Հայաստանի և Իրանի սերտացող հարաբերությունների ֆոնին, երբ ակնկալվում է այդ երկրից նաև զբոսաշրջային հոսքերի աճ։ Ի լրումն վերոնշյալ կառույցների ևս մեկ կենտրոն կստեղծվի Լոռիում` UNDP-ի հետ համագործակցությամբ:

Պաշտոնյան, սակայն, նկատեց, որ ոչ այնքան կարևոր է տեղեկատվական կենտրոնների քանակը, որքան դրանց միջև համակարգված աշխատանքը: «Հիմնական խնդիրներից մեկը այդ կենտրոնների միջև կապի բացակայությունն է։ Երբեմն անհրաժեշտ է զբոսաշրջիկին ճիշտ ուղղորդել դեպի նոր զբոսաշրջային գրավիչ վայր՝ ապահովելով կապ տարբեր տեղեկատվական կենտրոնների միջև, որպեսզի տեղեկատվության դեֆիցիտ չառաջանա»,-ասաց հիմնադրամի տնօրենը։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի զբոսաշրջային տեղեկատուներն իրենց առաջնային գործառույթից՝ զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելուց զատ, կարողանան նաև վերլուծական կենտրոնների դեր ստանձնել։

«Գիտեք, որ մեր կադրային ու նյութական ռեսուրսները մեծ չեն և, մենք ձգտում են տեղեկատվական կենտրոնները մոտ ապագայում դարձնել մասնաճյուղի նման մի բան, որոնց միջոցով ճիշտ ազդակներ կստանանք համայնքներում անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ Այդ կենտրոնների կողմից վարվող վիճակագրական մատյանների և վերլուծական աշխատանքի միջոցով կկարողանանք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում զբոսաշրջիկներին, ինչն էլ կնպաստի ավելի խելամիտ քաղաքականություն մշակելուն և ավելի նպատակաուղղված քայլեր իրականացնելուն»,-նկատեց Արա Խզմալյանը: Ինչ վերաբերում է մասնագետներով հագեցվածության խնդրին, ապա, ըստ պաշտոնյայի, անընդհատ աշխատանք է տարվում կադրերի պատրաստման ու վերապատրաստման ուղղությամբ: Անցյալ տարի մշակել են հայեցակարգ, որում հստակ ամրագրել են, թե ինչ չափանիշներով պետք է ընտրվեն աշխատակիցները, ինչ կրթություն ու հմտություններ պետք է ունենան։ «Բայց ինքներդ էլ հասկանում եք, որ համայանքներում, նման բարձր չափանիշներ դնելով, հնարավոր է աշխատակիցներ չգտնենք: Լեզվի խոչընդոտների հաղթահարման, տեղեկատվությունը տրամադրելու մշակույթի խնդիր կա, ընդհանուր գիտելիքների, երկիրդ, համայնքդ ճանաչելու հարցեր կան, որովհետև այնպես չէ, որ միայն համացանցից պետք է օգտվես ու վերջ: Կենդանի հաղորդակցության գործընթացում շատ գիտելիքներ են պետք, որ կարողանաս բավարարել օտար մարդու հարցումներն ու հետաքրքրությունները»,-ասաց Խզմալյանը։

Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող գերատեսչությունների նպատակն է վերջնարդյունքում տեղեկատվական կենտրոնները դարձնել ինքնաբավ, ինքնաֆինանսավորվող կառույցներ: «Այդ կենտրոնները պետք է կարողանան այնպիսի գործունեություն ծավալել, որ կարողանան հոգալ սեփական ծախսերն առանց պետական աջակցության։ Նրանք կարող են օգտվել առևտրային գործունեության և գովազդային ծառայությունների տված բոլոր եկամուտներից. հուշանվերների, գովազդատեղեկատվական նյութերի վաճառք կազմակերպելով, հյուրատների, հյուրանոցների, մասնավոր հատվածի տեղեկտավությունը տրամադրելու համապատասխան պայմանագրեր կնքելու և մասնավոր հատվածի հետ որոշակի բիզնես հարաբերություններ հաստատելու միջոցով»,-նշեց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով, որ իրենց աջակցությունն էլ կլինի մեթոդաբանական և գովազդատեղեկատվական նյութերի տրամադրման տեսքով։

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]