Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի մարզում 2018-ին ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում

Շիրակի մարզում 2018-ին ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում մեծ է նաև մասնագետների խնդիրը: Մասնագետների հարցը ոչ միայն ՏՏ կամ առողջապահության, ինչ-որ չափով նաև կրթությանն է առնչվում, այլ նաև այլ բնագավառներին: Որոշ ընկերություններ նույնիսկ կանգնել են բանվորական ուժի խնդրի առաջ: Այս մասին փետրվարի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Այն պարագայում, երբ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 16 հազար է, նրանցից 12886-ը ունեն գործազուրկի կարգավիճակ:
Արթուր Խաչատրյանը կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, որը կազմել է 2 մլրդ 163 մլն դրամ կամ 96 տոկոս, ինչը, թեև հանրապետությունում ամենաբարձ ցուցանիշներից չէ, բայց, հաշվի առնելով մարզի համար անցած տարիների ընթացքում գրանցած արդյունքները, լավագույնն է:
«Միայն 2017թ. իրականացված «Բնակարանների գնման վկայագրեր» (ԲԳՎ) ծրագրի միջոցով Գյումրի քաղաքում շահառու ճանաչված 82 ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Դեռևս բնակարանային փոխհատուցում չեն ստացել մարզի 12 գյուղական բնակավայրերում երկրաշարժից անօթևան մնացած և բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված 162 ընտանիքներ: Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած և Գյումրու քաղաքապետարանի հաստատված երկրաշարժից անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 94 ընտանիքների համար նույնպես դեռևս չի իրականացվել բնակարանային ապահովման ծրագիր: 1988թ. երկրաշարժից հետո մինչև օրս իրականացված բնակարանային շինարարության, ԲԳՎ տրամադրման միջոցով բնակարանային ապահովման, ինչպես նաև անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրերի շրջանակներում բարելավվել են թվով 23133 (Գյումրի քաղաքում՝ 21184) անօթևան ընտանիքների բնակարանային պայմանները: Այս ամենով հանդերձ, բնականաբար, անելիքներ դեռևս շատ կան»,- ասաց մարզպետը:
Մարզպետը կարևորեց նաև երկրաշարժի հետևանքով 3-րդ աստիճանի վնասվածության թվով 118 (որից 88-ը՝ Գյումրիում) բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացման-վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ մշակվել և կառավարությանն է ներկայացվել մոտ 15 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորվել են 2-ը, որոնցից մեկը` 100 մլն դրամ արժողությամբ, մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Խոսքը Գյումրու «Մարզամշակութային կենտրոնի» մասին է: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային և կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման` «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ:
«Այս ամենից զատ մշակվել ու տարածքային զարգացման հիմնադրամին 42 համայնքների կողմից ներկայացվել են 34 համայնքային զարգացման ծրագրեր, որոնցից 28-ը հավանության են արժանացել: Համայնքների ներկայացրած ծրագրերն հիմնականում վերաբերում են գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, էներգախնայող և վերականգնվող էներգետիկայի ոլորտներին: Մարզի հյուսիսային համայնքների զարգացման ծրագրերի քննարկումը մտել է ավարտական փուլ»,- հավելեց մարզպետը:
Ամփոփելով 2017 թվականին կատարած աշխատանքները՝ մարզպետը ներկայացրեց նաև 2018 թ.ի անելիքները: Շիրակի մարզում 2018 թվականին արդյունաբերության ու ՓՄՁ հատվածի զարգացման շրջանակներում ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում: Նոր աշխատատեղեր նախատեսվում են ինչպես փոքր ու ﬕջին ձեռնարկությունների, այնպես էլ` ՏՏ, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]