Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով սիրիական Աֆրինում տեղի ունեցող դեպքերին, Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Թուրքիան Դամասկոսի հետ անմիջական երկխոսության միջոցով կարող է իր անվտանգության շահերն ամբողջովին պաշտպանել»,-Մոսկվայում Պակիստանի արտգործնախարար Հոջա Մուհամեդ Ասըֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ ինքը շատ լավ հասկանում է և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները, և քրդերի ցանկությունները: Լավրովը հավելել է նաև, որ այս հարցում շահարկումներ չպետք է լինեն:

«Թուրքերի մտահոգությունները և քրդերի ցանկությունը ընդունում ենք: Մեզ համար ընդունելի չէ այն, որ օտար ուժերը տարբեր քաղաքական նպատակներով Սիրիայում շահարկում են այդ ամենը»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր` փետրվարի 20-ին, հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ