Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հարկային օրենսգրքով բարելավվել ու ազատականացվել են հարկային վարչարարության մի շարք ընթացակարգեր


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հավաստիացնում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված են հարկային վարչարարության ընթացակարգերի բարելավում և ազատականացում: «Հարկային նոր օրենսգրքով տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Բոլոր այն դեպքերում, երբ հարկ վճարողն ինքնուրույն հայտնաբերել է իր սխալը, թեպետ ստուգումն ընթացքի մեջ է, նա կարող է ներկայացնել ճշգրտված հաշվարկ ու խուսափել 50 տոկոսի չափով պատասխանատվության ենթարկվելու դրույթից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վախթանգ Միրումյանը:

Դրույթներ են փոփոխվել ստուգումների գործընթացների կասեցումների առնչությամբ: Մասնավորապես, ըստ Միրումյանի, կասեցման գործընթացը դարձել է ավելի հստակ, իսկ կասեցման հիմքերը` հայտնի հարկ վճարողներին: «Կասեցման հանձնարարագրերում արդեն հստակ նշվում է, թե տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումը ինչ հիմքով է կասեցվել, որպեսզի նա կարողանա կազմակերպել իր հետագա գանգատարկման գործողությունները»,-նշեց պաշտոնյան: Հստակեցումներից զատ` պետական մարմնի համար ներդրվել են նաև ժամկետային սահմանափակման մեխանիզմներ: Ըստ Միրումյանի` եթե նախկինում ստուգման գործընթացը կասեցվում էր օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու հիմքով և, երբեմն, գործընթացը ձգվում էր անգամ տարիներ,  որից հետո ստուգումները կարող էին վերսկսվել, ապա ներկայում, անկախ նրանից, հարցման պատասխանը ստացվել է, թե ոչ, 180 օրից ավել չի կարող կասեցվել ստուգման գործընթացը: «Սա նշանակում է, որ հարցման պատասխանը ստանալուց հետո, եթե կա անհրաժեշտություն, կիրականացվի վերստուգում, եթե չկա անհրաժեշտություն, կասեցումը վերանում է առանց վերստուգում իրականացնելու հետագա նախապայմանի»,-ավելացրեց ՊԵԿ փոխնախագահը:

Բացի այդ` կրճատվել են ստուգումների որոշ տեսակներ, որոշներն էլ վերաձևակերպվել են ուսումնասիրությունների:

Մեկ այլ փոփոխությամբ` հարկ վճարողներն ավելի երկար ժամանակահատված են ստացել ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու համար: Սակայն, այստեղ խոսքը ոչ թե ստուգման ակտին, այլ դեռևս նախագծային փուլում առարկությունների ներկայացման հնարավորությանն է վերաբերում, որը կրկնապատկվել է` 5-ից դառնալով 10 օր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ