Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հաշվի առնելով հայ-լիբանանյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` մենք շատ ենք կարևորում փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, տիկին դեսպան, այնպես էլ Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի:  Երևանում ունենք լիբանանյան կապիտալով գործող ընկերությունների լավ օրինակներ և, հաշվի առնելով, որ մեզ մոտ այսօր առկա է ներդրումային բավականին լայն և բարենպաստ դաշտ, ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակում կանեք հնարավորը՝ լիբանանյան նոր ընկերություններ Երևան ներգրավելու ուղղությամբ: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:   

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի  ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին աջակցելու և օժանդակելու համար:

«Պարոն քաղաքապետ, մեր երկու երկրների միջև իսկապես առկա են պատմական ամուր կապեր, և ես ուրախ եմ, որ առաքելություն եմ ստանձնել՝ այդ հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու ու ամրապնդելու համար: Վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցությունն ընդլայնելու և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում կա Ձեր պատրաստակամությունը, ինչն անչափ կարևոր է, վստահ եմ, որ այն առաջիկայում կստանա գործնական ընթացք: Երևանն իսկապես ունի զարգացման մեծ ներուժ և, որ կարևոր է, առանձնանում է իր հյուրընկալ ու ջերմ բնակիչներով, ինչում արդեն իսկ հասցրել եմ համոզվել այս մեկ ու կես ամսվա ընթացքում», - նշել է դեսպանը: 

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ ուրախ կլինի այս տարի հյուրընկալելու Բեյրութի գործընկերոջը՝ հատկապես հաշվի առնելով, որ Երևանն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]