Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը

 Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. 
պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքով նախատեսված են մի շարք կարգավորումներ շահութահարկի գծով, որոնք մեծապես կբարելավեն տնտեսավարողների գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարվանից ուժի մեջ մտած փոփոխությունները լրագրողներին ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Դրանցից առաջինը կատարված ներդրումները շահութահարկի տեսքով մեկ տարվա ընթացքում հետգնելու հնարավորությունն է: Ինչպես պաշտոնյան նշեց, գործնականում շահութահարկ վճարողների համար ոչ միայն կարևոր է, թե տվյալ երկիրը շահութահարկի ինչ դրույքաչափ է կիրառում, այլև այն, թե պոտենցիալ ներդրումների դեպքում դրանք ինչ ժամկետում կարող են հետ գնվել: «Լավագույն գործիքակազմն ամորտիզացիոն մասհանումների ժամկետներն են: Նոր Հարկային օրենսգրքով բոլոր այն դեպքերում, երբ մենք խոսում ենք Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի մասին, հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը հարկ վճարողների  հայեցողությամբ ընտրվել է մեկ տարին»,-ասաց Վախթանգ Միրումյանը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է Հայաստանում գործող տնտեսավարողների կողմից արտերկրում կատարվող նորմավորվող ծախսերին: Ըստ Միրումյանի` շահութահարկում արտացոլվող արտերկրում գովազդի, մարքեթինգի, կադրերի պատրաստման ու վերապատրաստման վրա կատարվող նորմավորվող ծախսերը նախկին օրենսդրությամբ հնարավոր չէր որոշակի նորմայից ավելի նվազեցնել: Դա սահմանափակում էր հայկական արտադրանքի մրցակցային հնարավորությունները, ինչը նոր օրենսգրքով վերացվել է: «Մեր տնտեսավարողները արտերկրում ծախսերը կարող են նվազեցնել` առանց սահմանափակումների կիրառման»,-ասաց Վախթանգ Միրումյանը:

Նրա տեղեկացմամբ` մեկ այլ բարեփոխում է այն, որ ոչ ռեզիդենտների կողմից արժեթղթերի օտարման գործարքներն ազատվել են շահութահարկից: «Դա դրականորեն կազդի արժեթղթերի առքուվաճառքի գործարքների վրա: Իհարկե, դա նպաստ կունենա նաև մեր ընկերությունների սահմանադրական կապիտալում ներդրումների կատարմանն ու նոր ներդրողների ի հայտ գալուն»,-հավելեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ տնտեսավարողներն այս կամ այն պատճառով ընթացիկ տարում չեն կարող ակնկալել էական շահույթ, որն ունեցել են նախորդ տարի, շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի միջոցով խնդիրը կլուծվի: «Եթե տնտեսավարողը նախորդ տարի էական շահույթ էր ստացել, բայց ընթացիկ տարում չէր ակնկալում համապատասխան մեծության շահույթ, նախկինում նա հնարավորություն չուներ ավելի պակաս չափով այդ շահութահարկը վճարելու կամ չվճարելու, միակ տարբերակը գործունեությունը դադարեցնելն էր: Այս օրենսգրքով այլընտրանքային տարբերակ է նախատեսվում: Տնտեսվարողները կարող են իրենց հայեցողությամբ ընտրել կանխավճարային այլընտրանքային համակարգ ու արդեն կանխավճարները կատարել իրենց իրացման շրջանառության երկու տոկոսի չափով: Իրացման շրջանառությունը մեծ կլինի, կվճարեն ավելի շատ, կլինի փոքր, ավելի քիչ»,-պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:

Հարկային օրենսգրքի փոփոխված տարբերակն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]