Մի շարք առաջատար երկրներ ուսումնասիրում են Հայաստանի փորձը e-draft համակարգում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am համակարգը էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում շատ լուրջ գործիք է հանդիսանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կայքը ունի ամսական մոտ 100 հազար այցելու: Կայքում տեղադրված նախագծի հետ կապված յուրաքանչյուր դիտողություն պետք է պարտադիր արձագանք ստանա: Այսինքն` այն գերատեսչությունը, որը մշակել է նախագիծը, պարտադիր պետք է արձագանքի` ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում տվյալ առաջարկը, և եթե չի ընդունում, ապա ինչո՞ւ»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` այս հարթակը այնքան հաջողված է,որ մի շարք առաջատար երկրներ ուսումնասիրում են Հայաստանի փորձը՝ նպատակ ունենալով այն իրենց մոտ նույնպես ներդնել:
Արդարադատության նախարարությունը նաև ներդրել է e-hostline համակարգը, էլեկտրոնային ապոստիլ e-apostille համակարգը և այլն:
« Հնարավորություն է տրվել քաղաքացիներին առցանց եղանակով ներկայացնել դիմում, հարցում, բողոք պետական մարմիններին»-, ասաց Հարությունյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում