Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվարին 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Ընթացիկ տարվա առաջին ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 19.7 տոկոս` 9 միլիարդ 333.7 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվարի ցուցանիշը 7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. հունվարի համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.2 տոկոսով` կազմելով 111 միլիարդ 444.8 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.4 տոկոսով` կազմելով 17 մլրդ 535.7 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվարին ավելացել է 2.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 5.2 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 17.3 տոկոսով և կազմել 157 միլիարդ 386.6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 128 միլիարդ 254.6 միլիոն դրամ է, ինչը 13.9 տոկոսով ավելի է 2017-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով (198  հազար 816 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 162 հազար 283 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 7.1 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 241 հազար 363  դրամ` աճելով 11.3 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 47.6 տոկոսով (504.2 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 45.2 տոկոսով (176.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 48.9 տոկոսով (327.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվարին եղել է 482.40:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ