Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից

Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է 
եղել. մանրամասներ դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի Վրացական 10 հասցեում գտնվող շենքի բնակարաններից  մեկի պայթյունի հետևանքներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար դեպքի վայր են հրավիրվել համապատասխան մասնագետներ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, լիցենզավորված սեյսմիկ հետազոտության իրականացնող կազմակերպություններից, որոնք պետք է կատարեն թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Նրանք ստուգելու են շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, միջնահարկերի, աստիճանավանդակի, ամբողջ կրող կոնստրուկցիայի վիճակը: Եզրակացությունից հետո մենք արդեն ձեռնամուխ կլինենք համապատասխան աշխատանքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արեյանը:

Նա հավելեց, որ օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինները` արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տեսչությունը, ոստիկանությունը իրականացնում են հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները: «Ես վարկածային դիտարկումների չեմ հետևում, իրավունք չունեմ որևէ վարկածի վերաբերյալ քննարկում անել, սա մասնագիտական աշխատանք է, եկեք ապավինենք մասնագիտական կարծիքին»,- ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը` պատասխանելով հարցին` կա՞ն նախնական վարկածներ, թե ինչն է պայթյունի պատճառը:

Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է Երևանի քաղաքապետի վերահսկողության տակ: «Մենք առաջնահերթ աշխատանքներ պետք է անենք, որովհետև տուժել են նաև հարակից շենքերի բնակարանները: Առաջին անհրաժեշտության աշխատանքները մենք այսօրվանից կիրականացնենք: Շենքի այս հատվածի անվտանգությունը պետք է պահպանված լինի մինչև անհրաժեշտ աշխատանքների ավարտը»,- մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետը:

Դիտարկմանը, թե քաղաքացիներն ահազանգում են, որ հարկավոր է ամրակներ դնել, որպեսզի շենքը չնստի, Կամո Արեյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ քաղաքացիների տագնապներն ու անհանգստությունը, դրա համար մենք հրավիրել ենք մասնագիտական խումբ: Եզրակացությունից հետո պարզ կդառնա ուժեղացման անհրաժեշտության միջոցառումների անհրաժեշտություն կա, թե ոչ: Եթե կան, պետք է անմիջապես իրականացվեն»:

Հարցին` պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին վնասի փոխհատուցում լինելո՞ւ է, Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի և պարզվեն պատճառները: Պատճառները ի հայտ կբերեն նաև պատասխանատուներին: Շենքն ընդգրկված է բազմաբնակարան համակեցության կանոնների մեջ: Հետաքննության արդյունքը երբ կտա պատճառները, ըստ այդմ` օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է լուծվելու այն քաղաքացիների ժամանակավոր կեցության խնդիրը, ովքեր, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն կարող շարունակել բնակվել իրենց բնակարաններում` Կամո Արեյանն ասաց, որ ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ պայթած բնակարանի մուտքի բնակիչները շարունակվեն բնակվել իրենց բնակարաններում: «Հիմա մենք կսպասենք, որպեսզի մասնագիտական խումբն ավարտի աշխատանքը, որից հետո վարչական շրջանի ղեկավարի հետ նաև այդ հարցին կանդրադառնանք: Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, մենք պետք է փորձենք լուծել նրանց ժամանակավոր կեցության խնդիրը` բարեկամների մոտ կամ, եթե դրա հնարավորությունը չունեն, վարչական շրջանի աշխատակազմի հետ մենք մի բան կկազմակերպենք»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, մուտքում կա 14 բնակարան, որոնցից 4-ն է վնասվել պայթյունի հետևանքով: Այդ 4 բնակարաններից երկուսը վնասվել են մասնակի: Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը քաղաքապետի հսկողության ներքո է, իրենք դեպքի վայրից չեն հեռանալու մինչև համապատասխան աշխատանքները չավարտվեն:

Վնասված շենքի բնակիչներն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայթած բնակարանում մարդ չի ապրել, այնտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Բնակիչները ենթադրում են, որ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանքով: Պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի որոշ բնակարանների ապակիներ, վնասվել են շենքի բակում կայանած մեքենաները:

ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայություն փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: Զոհեր և տուժածներ չկան: Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները: Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am