Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը սառը օրերին գրականությամբ ջերմանալու ևս մեկ առիթ է

Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը սառը օրերին գրականությամբ ջերմանալու ևս մեկ առիթ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդել գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնել հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի մանուկների, պատանիների շրջանում սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառն անցկացվում է փետրվարի 17-21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տոնավաճառին մասնակցող տարբեր հրատարակիչների հետ` փորձելով պարզել, թե ինչ գրքեր են նրանք ներկայացրել:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը բոլորին շնորհավորեց գեղեցիկ ցուցահանդես-տոնավաճառի առթիվ, և նշեց, որ իրենք երեխաների համար լույս են ընծայել «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը, որում զետեղված են տարբեր ժողովուրդների հիսունից ավելի իմաստուն հեքիաթներ: «Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ փոքրիկներին ենք ներկայացնում նրա «Հեքիաթներ» նոր ժողովածուն՝ գեղեցիկ պատկերազարդումներով և պայծառ գույներով»,- ասաց Կարապետյանը:  Բացի մանկապատանեկան գրականությունից «Էդիթ Պրինտ»-ի տաղավարում հնարավոր է գտնել բնագրից հայերեն թարգմանված հանրահայտ այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են` Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մի շարք ստեղծագործություններ, Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» և այլ հայտնի գրքեր:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի խոսքով` իրենք ցուցադրել են 2016-2017 թվականների  հրատարակությունները, գրքեր, որոնք նախատեսված են ինչպես փոքրիկների, այնպես էլ` մեծահասակների համար: «Միջոցառման նպատակը տարվա ընթացքում մեր կատարած ողջ աշխատանքը ներկայացնելն է. չնայած մենք և՛ շնորհանդեսներ ենք կազմակերպում, և՛ գրքին առնչվող այլ միջոցառումներ»,-ասաց Մեսրոպյանը:

«Զանգակ»-ի տաղավարում կարելի էր գտնել Հարրի Փոթերի հատորները, գեղեցիկ պատկերագրքեր, «Պատմական որոնումներ» շարքը, մաթեմատիկական և բնագիտական գրքեր, մանկական հեքիաթներ:

Արթուր Մեսրոպյանը կարևորեց կենդանի շփումը գրքի հետ` շեշտելով, որ տոնավաճառին գալիս են տարբեր դպրոցների աշակերտներ, որոնք իսկապես հետաքրքրված են գրքերով, ընթերցում են ու գնում դրանք:

«Ծիծեռնակ» հրատարակչության և ամսագրի խմբագիր-տնօրեն Անուշ Վարդանյանն ընդգծեց, որ շատ լավ է ճանաչում մեր օրերում ստեղծագործող լավագույն մանկագիրներին: Ներկայացված էին Էդվարդ Ավագյանի, Սուրեն Մուրադյանի, Արմեն Շեկոյանի,  Երվանդ Պետրոսյանի,  Վազգեն Առաքելյանի, Էդվարդ Միլիտոնյանի և այլոց գրքերը: «Ցուցադրել եմ բոլոր այն հեղինակների գործերը, ովքեր արժանացել են մրցանակների: Ձգտում ենք բարձր գրականություն տպագրել, և իմ սկզբունքներից է կենդանի գրողներին ներկայացնելն ու նրանց գործերը հանրահռչակելը»,-շեշտեց Վարդանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման համար և ասաց, որ այն ևս մեկ առիթ է այս սառը օրերին գրականությամբ ջերմանալու համար:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև «Արևիկ», «ՋիԷսԷմ» հրատարակչությունները` ներկայացնելով իրենց լավագույն մանկապատանեկան գրքերը:

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]