Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանյան կապիտալով 215 ընկերություն ու ներդրումների համախառն հոսքերով 8- րդ հորիզոնական․ հայ-լիբանանյան տնտեսական կապերի հետագիծը

Լիբանանյան կապիտալով 215 ընկերություն ու ներդրումների համախառն հոսքերով 8-
րդ հորիզոնական․ հայ-լիբանանյան տնտեսական կապերի հետագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ գործում են լիբանանյան կապիտալի մասնակցությամբ 215 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջին 20 տարում Հայաստանի տնտեսության իրական հատվածում Լիբանանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 527.7 միլիոն դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքերը` 212.9 միլիոն դոլար են։

ԱռևտրաշրջանառությունՀայաստան-Լիբանան

Համաձայն ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականի առաջին կեսին Հայաստանից Լիբանան է արտահանվել 61,7 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 314,1 հազար դոլար։

Ներդրումներ

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում Լիբանանից կատարված ընդհանուր ներդրումների ստացումները (ներհոսք) կազմել են 34.3 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրումներ են` 15.6 մլն ԱՄՆ դոլարը:

1998 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի վերջ Լիբանանից ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերն, ընդհանուր առմամբ, կազմել են 527.7 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքեր` 212.9 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերի ցուցանիշով Լիբանանը ութերորդ տեղում է, որի տեսակարար կշիռն ընդհանուր մեջ կազմում է 3,63 տոկոս։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 1995 թվականի մայիսի 1-ին և ուժի մեջ մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ին։

Լիբանանյան կապիտալով ընկերությունները Հայաստանում

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների` Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ գրանցված է լիբանանյան կապիտալի մասնակցությամբ 215 ձեռնարկություն և անհատ ձեռնարկատեր։

Հայաստանում լիբանանյան կապիտալով  խոշոր ընկերություններ կան իրավաբանական, բիզնես խորհրդատվության և ծառայությունների, ոսկերչության/ժամագործության, գյուղատնտեսության, ֆինանսների և այլ ոլորտներում։

Կանոնավոր չվերթներ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ

Ինչպես տեղեկացանք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, Երևան-Բեյրութ կանոնավոր չվերթներ իրականացնում են «Middle East Airlines» և «Արմենիա» ավիաընկերությունները: «Արմենիա» ավիաընկերությունից հայտնեցին, որ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ թռիչները կվերսկսվեն մարտի 26-ից և դրանց թիվը կհասցվի շաբաթական մինչև 4 անգամի։ 

Իրավապայմանագրային դաշտ

Երկու երկրների իրավապայմանագրային բազան ամուր է ստորագրված 24 համաձայնագրով և 10 արձանագրություններով, փոխըմբռնման հուշագրերով:

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։ 1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը: Հայաստանում Լիբանանի դեսպանություն հիմնվել է 1997թ. սեպտեմբերին

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Պատվիրակության կազմում կլինեն երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Հայաստանում Աունը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև մեր երկրում բնակվող լիբանանյան համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բարձր մակարդակի մոտ չորս տասնյակ փոխայցեր: Վերջին անգամ Լիբանանի նախագահը՝ Միշել Սլեյմանը Հայաստան պաշտոնական այց է կատարել 2011թ. դեկտեմբերին:

Պատրաստեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]