1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գիրք նվիրելու օրը նշվեց Արարատում

Գիրք նվիրելու օրը նշվեց Արարատում

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում Գիրք նվիրելու տոնական օրը սկսվեց Պարույր Սեւակ գրատանը 200 գրքերի ցուցահանդես-վաճառքով:

Գրատանն առանձնացված էր նաեւ մանկական շուրջ 300 պատկերազարդ գրքեր՝ «Ոսկու կարասը», «Երկու արջուկները», «Անխելք մարդը», «Ճանաչիր տառերը», ուղղագրական, բացատրական բառարաններ եւ այլ ուսուցողական գրքեր: Գրադարանի երիտասարդ տնօրեն Վաչագան Պետրոսյանը եւ գրադարանի աշխատակազմը պատրաստել էին Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Եղ. Չարենցի, Պ. Սեւակի պատկերներով ու քառատողերով պատկերազարդ բացիկներ, որոնք գրքերի հետ նվիրեցին այցելուներին: Ցուցահանդես-վաճառքին հաջորդեց գրական մասը, որն անցկացվեց ընթերցասրահում:

Միջոցառմանը մասնակցում էին գյուղական համայնքների 20 գրադարանների տնօրեններ, գրադարանի աշխատողներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը բացեց տնօրեն Վաչագան Պետրոսյանը՝ ներկայացրեց ԵՊՀ դասախոս, դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերգեյ Մանուկյանին եւ նրա նկարչուհի տիկնոջը՝ Վերոնիկա Մանուկյանին:

Սերգեյ Մանուկյանը «Հովհաննես Թումանյանի աշխարհը» դասախոսությունում անդրադարձավ նրա փիլիսոփայական քառյակներին, այնքան միամիտ թվացող «Կիկոսի մահին», «Բարեկենդանին», «Չարի վերջին»՝ ընդգծեց նրանց համամարդկային նշանակությունը: Դասախոսը մեջբերումներ արեց Հովհաննես Թումանյանի մշակմամբ «Սասունցի Դավիթ» էպոսից, որը միշտ արդիական է, որ Սասունցի Դավիթը մեզ օրինակ է նաեւ այս օրերում:Միջոցառումը շարունակեց գրադարանի վաստակաշատ գրադարանավար Քնարիկ Ավետիսյանը: Նա խոսեց հայ ժողովրդի գրապաշտ ու գրքապաշտ լինելու մասին:

Որպես օրինակ բերեց այն գաղթական կանանց, ովքեր «Մշո Ճառընտիրը» երկու մասի բաժանելով՝ շալակով հասցրել են Հայաստան: Խոսեց նաեւ Մխիթարյան Միաբանության հայտնի դեմքերից մեկի՝ Ղեւոնդ Ալիշանի մասին, ով երբեք չի եղել Հայաստանում, սակայն Հրազդան գետը հոգու աչքով այնպես է նկարագրել, որ, կարծես թե, բազմիցս եղել է նրա ափին: Նա անդրադարձավ նաեւ Թումանյանի լեզվի, նրա օգտագործած ժողովրդական բառ ու բանին:Հայոց լեզվի մասին խոսեց նաեւ գրադարանավար Քրիստինե Գասպարյանը՝ մեջբերելով օտար ազգերի մեծերի թեւավոր եւ իմաստուն խոսքերը հայոց լեզվի մասին: Միաժամանակ, նա չմոռացավ ընդգծել հայ ժողովրդի ասույթները սեփական լեզվի վերաբերյալ:

Դասախոս Սերգեյ Մանուկյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Հովհաննես Թումանյանի 149- ամյակի, ինչպես նաեւ գիրք նվիրելու եւ մայրենի լեզվի օրվան նվիրված այս հարուստ, բոհեմական միջոցառմանը, ինչի համար շնորհակալություն հայտնեց գրադարանի ողջ կոլեկտիվին՝ հայր եւ որդի Յուրա եւ Վաչագան Պետրոսյաններին:

«Մեկը հարուստ գրական ժառանգություն է ստեղծել, իսկ մյուսին՝ որդուն՝ այս ազգային հարստությունը պահպանելու, զարգացնելու պատիվն է տրված»,-եզրափակեց իր խոսքը Մանուկյանը: Հայաստանում փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր` ՀՀ Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ: Այն նպատակ ունի քաղաքացիների, հատկապես` երիտասարդներին մեջ սեր արթնացնել ընթերցանության ու գրքի նկատմամբ` դարձնելով գրադարանի լավագույն բարեկամը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]