Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիրք նվիրելու օրը Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը

Գիրք նվիրելու օրը Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ 
տոնավաճառը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը գրքի հանրահռչակմանը նպաստող հրաշալի նախաձեռնություն է, որին մասնակցում են Հայաստանի մի շարք հրատարակիչներ` ներկայացնելով իրենց լույս ընծայած գրականությունը: Տոնավաճառի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին: Այն համընկավ նաև Գիրք նվիրելու օրվա հետ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն ասաց, որ տոնավաճառը գեղեցիկ ավանդույթ է դարձել` իր շուրջ համախմբելով բազմաթիվ գրքասերների, ընթերցողների, գրադարանի բարեկամների: «Այս օրերին  նրանք ոչ միայն կծանոթանան հրատարակիչների նոր գրքերին, այլև մասնակից կդառնան գրադարանում անցկացվող բազմաթիվ մշակութային ակցիաներին: Շարունակվում է «Հեքիաթի դեսպաններ» գրադարանի հեղինակային ծրագիրը, որի ընթացքում դեսպաններն իրենց մայրենիով հեքիաթ կկարդան երեխաների համար: Փոքրիկները կարող են մասնակցել գրքի ստեղծման գործընթացին, ինտերակտիվ խաղերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տոնոյանը:

Տոնավաճառին իրականացվեց «Նվեր զինվորին» ակցիան: Մարդիկ կարող են  գրքեր գնել, ընծայագրել դրանք ու դնել հատուկ տաղավարում: Տոնավաճառի ավարտից հետո գրքերը կառաքվեն զորամասեր: ՀՀ մշակույթի նախարար Ներսես Տեր-Վարդանյանն այդ նպատակով բերել էր Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունների ժողովածուն:

Նա շեշտեց, որ գիրքը պատանիների համար լավագույն ուսուցիչն ու ղեկավարն է, և հենց գրքերում են ներկայացվում տարբեր մարդկային հարաբերությունները, իմաստունների կարևոր մտքերը, որոնք մանկապատանեկան հասակում են տպավորվում մեր մեջ: Նա կարծում է` հետագայում դժվար ստեղծվի մի բան, որը կարողանա փոխարինել գրքին: Ներսես Տեր-Վարդանյանը ՀՀ մշակույթի նախարարի և իր կողմից  գրքեր նվիրեց Ռուզան Տոնոյանին և գրադարանին:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի խոսքով` մարդկության մեծագույն գյուտը ատոմային միջուկի տրոհումը կամ Մենդելեևի աղյուսակը չէր, այլ այն պարզ գիրքը, որն իբրև ընկեր ձևավորում է մեզ վաղ մանկության տարիներից, հետո ուղեկցում ու միշտ մնում ուսուցչի կարգավիճակում: Նա շնորհավորեց բոլորին տոնավաճառի մեկնարկի առթիվ:

Տոնավաճառին  երեխաների համար չեխերենով հեքիաթ ընթերցեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Նա շնորհավորեց գրադարանին գեղեցիկ միջոցառման համար, շեշտեց, որ գիրքը բաց պատուհան է դեպի աշխարհ, և այն հնարավորություն է տալիս լավ ճանաչել օտար մշակույթները, երկրներն ու ազգերը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ առավոտյան գրողները Երևանում ավելի քան քառասուն դպրոց են այցելել, գրքեր նվիրել ու ընթերցել դպրոցականների համար: Նա շեշտեց, որ աշխարհի հինգ մայրցամաքներից բացի կա վեցերորդը, որը գիրքն է: Միլիտոնյանը գրադարանին նվիրեց իր վեցամյա թոռնիկի հետ համատեղ գրած «Չի լինում, չի լինում» գիրքը և երեխաներին հորդորեց հավատալ իրենց ուժերին ու գրել:

Գրադարանը փետրվարի 17-21-ը «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը»-ն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]