Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Արցախի ԱԳՆ-ն կարևորում է շփման գծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման իրականացմանը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Կրակովում: «Մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում»,-ասել է արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ` տվյալ առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարևոր քայլ, սակայն միայն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը և դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովման համար։ «Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռևս 2011 թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ»,-հավելել է Արցախի ԱԳՆ-ն:

Նա նշեց, որ տվյալ համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև 1995 թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ԵԱՀԿ հովանու ներքո ձեռքբերված համաձայնագրի գործնական կիրառումը։ «Համաձայնագիրը պարունակում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցառումների մի ամբողջ համալիր»,-եզրափակել է նա:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ