1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շարժական գրադարան-գրախանութի օգտագործումից մինչ ստեղծագործական մրցույթներ. Հայաստանում խթանվում են ընթերցանությունը և հրատարակչությունը

 Շարժական գրադարան-գրախանութի օգտագործումից մինչ ստեղծագործական 
մրցույթներ. Հայաստանում խթանվում են ընթերցանությունը և հրատարակչությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթերցանությունը և հրատարակչությունը խթանելու նպատակով իրականացվել են ստեղծագործական մի շարք մրցույթներ, ցուցահանդես-տոնավաճառներ, ընդլայնվել է գրավաճառ ցանցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ դասական և ժամանակակից գրականության հրատարակման և տարածման համար սկսել է աջակցություն տրամադրվել նաև արտասահմանյան հրատարակիչներին:

Երևանում 2017թ. նոյեմբերի 24-26-ն առաջին անգամ անցկացվել է Գրքի երևանյան փառատոնը: Փառատոնի շրջանակում կայացել է ստեղծագործական մրցույթ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն անվանակարգերով: Հայտ էր ներկայացրել 132 գրող: Հաղթողներն ընտրվել են մասնագիտական հանձնաժողովի և պարզ ընթերցողների գնահատականների համադրմամբ: Չորս անվանակարգերում գրքի հրատարակման համար մրցանակ է ստացել 2-ական գրող: Առաջին տեղի համար ստացել են 500.000, երկրորդ տեղի համար՝ 300.000 դրամ: Եվս 20 գրողի գրքի գովազդի համար նախատեսվել է 100.000-ական դրամ: Այս ծրագիրն ինչ-որ առումով փոխարինելու է եկել ժամանակակից գրականության հրատարակմանն աջակցելու նախկինում գործող մեխանիզմին, երբ պետությունը ֆինանսավորում էր գրողի գրքի հրատարակումը: Հրատարակիչների մի մասը 2016 թվականից սկսել էին բողոքել, որ այդ կերպ պետությունը միջամտում է շուկայի գործընթացներին և պահանջում էին դադարեցնել պետական աջակցության այդ մեթոդը: Եթե նախկինում հանձնաժողովն էր ընտրում գրքերը, ապա այս մրցույթում գնահատականի միայն 60 տոկոսն էր հանձնաժողովինը, 40 տոկոսը՝ ընթերցողինը: Գումարը տրամադրվում է այն հրատարակչությանը, որը կընտրի գրողը՝մրցանակը ստանալուց հետո:

ՀՀ ԱԳՆ նախկին շենքում կազմակերպվել էր նաև գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, վարպետության դասեր, քննարկումներ, երաժշտական համարներ:

Գրավաճառ ցանցի ընդլայնման և զարգացման ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ են իրականացվել: Երևանի կենտրոնական՝ Իսահակյան, Նալբանդյան, Չարենցի, Աբովյան և Կորյուն փողոցներում տեղադրվել է 5 գրատնակ, ևս 5-ը նախատեսվում է տեղադրել առաջիկայում: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի նախասրահում 2017 թ.-ից մասնավոր կազմակերպության կողմից վարձակալությամբ և 80 մլն ներդրումով ստեղծվում է ժամանակակից ձևաչափով գրախանութ՝ իր ընթերցանության և միջոցառումների հատվածներով: «Զանգակ» գրատան բացումը նախատեսվում է 2018 թվականի մարտին: Նույնաբնույթ գրախանութ նախատեսվում է բացել նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչի վերաբերյալ «Բուկինիստ» գրախանութի հետ կա նախնական պայմանավորվածություն:

2017 թվականին Հայաստանի ազգային գրադարանի «գրաբուսը» (գրախանութ-մեքենա) շրջել է Երևանում, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերում: 2018 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 1 շարժական գրադարան-գրախանութ՝ Չինաստանի դեսպանության աջակցությամբ, որը կգործի ՀՀ Շիրակի մարզային գրադարանին կից:

Ծրագրեր են իրականացվում նաև հրատարակիչներին աջակցելու ուղղությամբ: Մեկնարկել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը, որով աջակցություն է տրամադրվում արտասահմանյան այն հրատարակիչներին, ովքեր պատրաստ են հրատարակել և տարածել հայ դասական և ժամանակակից գրականություն: 2017-ի բյուջեով աջակցություն է տրամադրվել 13 գրքի հրատարակմանը, որոնք լույս կտեսնեն 2018 թվականին: Ծրագիրը նախատեսվում է ներկայացնել բոլոր միջազգային ցուցահանդեսների ժամանակ:

2017-ին գրքի ծախսերի մասնակի աջակցության «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով ՀՀ մշակույթի նախարարությունն օգնել է 15 գրքի հրատարակմանը: Իսկ պետական պատվերի շրջանակում գրքի ամբողջ ծախսի տրամադրման «Գրականության հրատարակում» ծրագրով նախարարությունը պատվիրել է 39 գրքի հրատարակում:

Ընդհանուր առմամբ 2008-2017 թթ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և աջակցությամբ հրատարակվել է 1077 անուն՝ մոտ 400.000 միավոր գիրք՝ հանրագիտարանային, ալբոմային, Հայաստանի պատմությունը և հայ մշակույթը ներկայացնող, հայ ժամանակակից, սփյուռքահայ, ազգային փոքրամասնությունների, թարգմանական, մանկական գրականություն և այլ ուղղություններով: Դրանց հիմնական մասը տրամադրվել է ՀՀ գրադարաններին:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության գրադարանների հավաքածուները 2008-2017 թթ. համալրվել են 1.232.276 միավոր գրականությամբ: 2008-2012 թվականին հիմնանորոգվել են Հայաստանի ազգային գրադարանը, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանը, 9 մարզային գրադարան, որոնք 2010-2011 թթ. համալրվել են նաև նյութատեխնիկական բազայով` գույքով և սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, ընթերցողների համար անվճար ինտերնետ կապով:

2013 թվականից հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել մարզային ու համայնքային 39 գրադարան: Դրանք պետական օժանդակությամբ ստացել են մասնագիտացված կահույք, համակարգչային և պատճենահանման տեխնիկա, ինտերնետ կապ, գրականություն: 2011 թվականից Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է գրադարանային հավաքածուների թվայնացման ծրագիրը: Առ այսօր թվայնացվել է գրքի և պարբերական մամուլի 4.612.788 էջ՝ հիմնականում՝ հնատիպ և վաղ շրջանի: Դրանք բաց հասանելիությամբ տեղադրված են Հայաստանի ազգային գրադարանի կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]