Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան

 Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. 
Շիրակ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում մի շարք կարևոր շեշտադրումներ կային, որոնց մեջ ամբողջովին արտացոլված են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և երկրի պետական շահերի պաշտպանությունն արտաքին քաղաքականության ոլորտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: «Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել այն հատվածը, որտեղ Նախագահն այդ միջազգային բարձր ամբիոնից պատասխան հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զառանցանքներին: Պատասխանները, որոնք հնչեցին ադրբեջանցի դիվանագետի հարցերին ի պատասխան, շատ տիպիկ էին: Նախագահը նախ ֆիքսեց, որ նման զառանցանքային հռետորաբանությամբ երբեք հնարավոր չէ նպաստ բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և դրանով նաև ուղերձ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ Եվրոպայի լռության հանգամանքներում այդպիսի ռազմատենչ և մաքսիմալիստական հայտարարությունները շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ խնդրի կարգավորման տեսանկյունից և տարածաշրջանային կայունության հետագա ապահովման տեսանկյունից: Սա շատ կարևոր ուղերձ էր, որը, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որ պատգամավորն առանձնացրեց, այն է, որ ՀՀ Նախագահը ցույց տվեց «և, և»-ի քաղաքականության ճշմարտացիությունը, ինչը կարելի է Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության հաջողության կրեդոն համարել: «Մասամբ նաև սադրիչ հարցապնդմանը, թե ինչի՞ պատճառով է Հայաստանը 2013թ.հրաժարվել  Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից, Նախագահը վերջնականապես լուծեց խնդիրը, բոլոր հոռետեսներին ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանը հրաժարվել է ստորագրումից, այլ Հայաստանին պարտադրել են «կամ, կամ»-ի սկզբունք, որն անընդունելի է մեր երկրի համար: Երբ Հայաստանը համոզել է Արևմուտքին «և, և»-ի ճշմարտության մեջ, կարողացել է անմիջապես վարել բանակցություններ, ինչի արդյունքում 2017թ. նոյեմբերին Եվրոպական Միության հետ կնքվեց համապարփակ համագործակցության համաձայնագիր, ինչով ապացուցվեց, որ երկիրը կարող է լինել տարբեր ինտեգրացիոն համակարգերում` չոտնահարելով այդ համակարգերի շահերը և առաջ մղելով իր սեփական շահը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում էլ, երբ մինչև վերջերս խոսում էին մի գիշերվա մեջ որոշումներ կայացնելու մասին, բոլորի համար արդեն պարզ ու հստակ  դարձավ, որ նման շահարկումներն այլևս անիմաստ են, քանի որ բացեիբաց խոսվեց այն պարզ իրականության մասին, որը տեղի է ունեցել 2013թ.»,- մանրամասնեց պատգամավորը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը կարևորում է այն հանգամանքը, որ հենց համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների գնահատմամբ Հայաստանը, կարծես, հանդես եկավ գլխավոր դերում, դրական կերպարով: «Ստացվեց այնպես, որ Հայաստանը Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին, խոսեց հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու առաջնահերթության մասին, խոսեց դրանց չիրականացման պատճառների մասին, մասնավորապես, հղում տալով նաև Թուրքիային և ցույց տալով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների չվավերացման միակ մեղավորն ու պատասխանատուն Թուրքիան է, որը հանդես եկավ լրացուցիչ նախապայմաններով, որոնք ամենևին առնչություն չունեին կարգավորվող խնդրի հետ: Իսկ այդ նախապայմանները, մենք գիտենք, կապված են արցախյան հակամարտության հարցում մեզ անտեղի, չպատճառաբանված և անընդունելի զիջումներ պարտադրելու հետ, և Նախագահը շատ ճիշտ ձևակերպեց, որ մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը ֆիքսել ենք արցախյան հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով, բայց արժանապատվորեն»,- ընդգծեց Թորոսյանը:

Եզրափակելով խոսքը` Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Մյունխենում ՀՀ Նախագահը ամբողջությամբ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ներկապնակը, առաջնահերթությունները և այն կարևոր գործոնները, որոնք պետք է ընկած լինեն հակամարտությունների լուծման հիմքում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]