Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նկարազարդումներով գիրքը ներկայացվեց փոքրիկներին

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նկարազարդումներով գիրքը ներկայացվեց փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի տարբեր ժողովուրդների հետաքրքիր, բազմաբովանդակ, չարի ու բարու մշտական պայքարի և կախարդանքի մասին պատմող հեքիաթները մեկտեղվել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքում: Ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում:

«Ընդգրկված է 50 հեքիաթ՝ ռուսական, ամերիկյան, հայկական, չինական, ճապոնական, անգլիական, բուլղարական և այլն: Զետեղել ենք նաև հեղինակային հեքիաթներ՝ Օսկար Ուայլդ, Հանս Քրիստիան Անդերսեն, Հովհաննես Թումանյան, Վլադիմիր Սուտեև: Կարծում եմ՝ այս ժողովածուն կհետաքրքրի ոչ միայն փոքրիկ ընթերցողներին, այլև մեծահասակներին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գիրքը լույս ընծայած «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նա շեշտեց, որ հրատարակչությունը շուտով կներկայացնի նաև հայ ժողովրդական հեքիաթների եռահատոր ժողովածու: Կարապետյանի խոսքով՝ այդ գրքի վրա լայնածավալ աշխատանք է կատարվել, քանի որ բոլոր բարբառային հեքիաթներից ընտրվել են լավագույնները, գործեր, որոնցից շատերը վերամշակվել են և առաջին անգամ են հրատարակվելու: Մոտ օրերս մանուկների դատին կհանձնվի նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթների, մանկական բալլադների ժողովածուն:

«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գրքում  ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այդ հեքիաթներից յուրաքանչյուրն ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց  տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները

Աշխարհի իմաստուն հեքիաթներ նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլև բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ:

Ժողովածուն  2015 թվականին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվեց նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Այն դարձավ հարյուրավոր փոքրերի եւ մեծերի սիրելի գիրքը: Այժմ վերջինս ներկայանում է նորովի` նոր նկարազարդումներով և ձևավորմամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]