Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը Հայաստան բերելը ևս մեկ առիթ է հանրահռչակելու Երվանդ Քոչարի թանգարանը

Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը Հայաստան բերելը ևս մեկ առիթ է հանրահռչակելու 
Երվանդ Քոչարի թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի հեղինակած` ընկերոջ` Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը Հայաստանում առիթ է` հանրահռչակելու հեղինակի թանգարանը: Դիմաքանդակը թանգարանին է նվիրաբերել Ժորժ Զաքարյանի որդին Իտալիայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին կայացած ցուցադրություն-շնորհանդեսին նման կարծիք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մենք հայտնաբերել էինք փարիզյան մի ցուցահանդես, որում Քոչարի վերաբերյալ հոդված կար և պատկերված քանդակ` գրված «Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը. գործ` Երվանդ Քոչարյանի»: Իտալիայում գտանք Զաքարյանի որդուն՝ Պաոլո  Զաքարյանին: Սկզբում նա մեզ ուղարկեց միայն քանդակի գունավոր լուսանկարները՝ ասելով, որ այն իր գրասեղանին է, և չի ուզում բաժանվել դրանից: Հետո ստացանք նամակ, որում ասվում էր, որ ինքն արդեն 84 տարեկան է և կարծում է, որ իր հոր հիշատակը լավագույնս կհիշվի Քոչարի թանգարանում, և պատրաստ է այն տալ թանգարանին»,-պատմեց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
Եվ Իտալիայում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողությամբ  Զաքարյանի որդին քանդակը նվիրաբերեց թանգարանին: Սակայն միայն մեկ տարի անց` Իտալիայի կառավարության թույլտվությունը ստանալուց հետո քանդակը բերվեց Հայաստան: Այն կներկայացվի մշտական ցուցադրությունում:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` առաջին դեպքն է, որ արտերկրից Քոչարի մշակութային արժեքներից է գալիս Հայաստան: «Թանգարանն այս առիթով հանրահռչակելու առիթ ունենք: Համոզված եմ, որ այս թանգարանը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի մշակութային կյանքում: Վերջին տարիներին համեստ ենք  գտնվել և չենք ներկայացրել այն գանձերը, որ ունենք թանգարանային ֆոնդում: Հատկապես Քոչարի թանգարանը կարող է լինել մեր ազգային նկարագրի մասին պատմող թանգարան: Եվ ցուցադրվող նկարները կարող են մեր ազգին լավագույնս ներկայացնել օտարների աչքում»,-ասաց նախարարը:

Պաոլո Զաքարյանի խոսքով` հայրը շատ է պատմել իրեն Քոչարի և իրենց երկար տարիների ընկերության մասին: Գիտի, որ միասին են եղել Վենետիկում: «Ես շատ ուրախ եմ, որ քանդակը վերջապես ճիշտ տեղում Է: Ես համոզված եմ, որ այն շատ ավելի լավ կպահվի թանգարանում, քան եթե պահվեր իմ տղաների կամ թոռների տանը ապագայում: Համոզված եմ` քանդակն ապահով ձեռքերում է»,- տեսազանգի ընթացքում նման տեսակետ հայտնեց Զաքարյանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]