Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԱԿ-ն ALDE-ին առաջարկել է ուսումնասիրել ԵՄ-Վրաստան-ՀՀ-ԵԱՏՄ համագործակցության ձևաչափ ստեղծելու հնարավորությունը

ՀԱԿ-ն ALDE-ին առաջարկել է ուսումնասիրել ԵՄ-Վրաստան-ՀՀ-ԵԱՏՄ 
համագործակցության ձևաչափ ստեղծելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենի հետ հանդիպմանն առաջարկել են ուսումնասիրել Եվրոպական Միություն-Վրաստան-Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության հետաքրքիր ձևաչափ ստեղծելու հնարավորությունը: Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց, որ իրենք ALDE կուսակցության փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկել են լիբերալիզմի անելիքների հետ կապված հարցեր, որի ընթացքում իրենք ներկայացրել են, թե որոնք են լիբերալիզմի հիմնական անելիքները Հայաստանում. Այդ անելիքներից գլխավորն ազատ առևտրի խթանումն է: «Ցավոք, Հայաստանում ձեռնարկատիրությունը հարվածներ է ստանում  դրսից և ներսից: Դրսից դա ղարաբաղյան խնդրի չլուծված լինելն է, որի հետևանքով մենք ունենք Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումը, ինչն ուղղակի խեղդում է մեր տնտեսությունը`թույլ չտալով առևտրի զարգացումը Հայաստանում: Հիմա դրան ավելացել է ևս մեկ խնդիր, ինչի մասին մենք հայտնել ենք պարոն Մորտենսենին: Դա այն մրցակցությունն է, որը սկսվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչի պատճառով լուրջ խնդիրներ են ստեղծվում ազատ առևտրի համար: Դուք գիտեք, որ Վրաստանը Եվրոասոցացման պայմանագիրը ստորագրել է և լուրջ մտադրություններ ունի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ, իսկ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Եվ սա շատ լուրջ խնդիր է ստեղծում, որովհետև հաստատվում են տարբեր մաքսային ռեժիմներ, որոնք ոչ միայն սահմանափակում են Հայաստանի հնարավորությունները, այլ անգամ հարվածում են հայ-վրացական առևտրին, որը մինչ այս զարգացումները շատ լավ զարգանում էր և ազատ բնույթ էր կրում: Այս առումով մենք կարևորում ենք մի նախագիծ` կամրջել Եվրասիական տնտեսական միությունը` օգտագործելով Հայաստանի և Վրաստանի բարեկամությունն ու առևտրային հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ իրենք Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի  փոխնախագահին պատմել են, որ իրենց կուսակցությունը, որն անկախության կուսակցություն է, 1988թ. շարժումից  ի վեր գնել է Հայաստանն անկախության և ժողովրդավարության տանելու ուղիով: «Մենք միշտ ասել ենք, որ անկախության գլխավոր արժանիքը, քաղցրությունն ու արժեքը այն է, որ մենք կարողանանք հարաբերություններ ունենալ բոլորի հետ. մենք չենք ցանկանում ճամբարավորվել, չենք ցանկանում դառնալ մի ճամբարի անդամ և հարաբերություններ չունենալ այլ ճամբարի հետ: Այն հակամարտությունը, որը այսօր զարգանում է, լուրջ խնդիր է ստեղծում Հայաստանի համար, երկրում ազատ առևտրի զարգացման համար: Ուստի մենք առաջարկում ենք ուսումնասիրել այն հնարավորությունը, որ մենք փորձենք ստեղծել մի հետաքրքիր համագործակցություն` Եվրոպական Միություն-Վրաստան-Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն, և ուսումնասիրել քաղաքականության մեջ կատարվելիք այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են նման համագործակցություն և նման ուղղություն զարգացնելու համար»,- մանրամասնեց ՀԱԿ փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ներկայացրել են նաև, թե ազատ առևտրի զարգացմանը ինչն է խանգարում ներսից` նշելով, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում մենաշնորհների առկայության և մրցակցության բացակայության պատճառով:

Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի  փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենն ընդգծեց, որ շատ մեծ պատիվ է համարում Հայաստանում ALDE կուսակցությունը ներկայացնելու համար, քանի որ իրենց հարաբերությունները Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ շատ երկար պատմություն ունեն, ինչի մասին իրենք հպարտությամբ են նշում: «ALDE-ն լիբերալ և դեմոկրատական ուժերի ալյանս է Եվրոպայում, որը հիմնականում ներառում է ազատական կուսակցություններ Եվրոպայից: ALDE-ի անդամ են նաև փոքր կուսակցություններ, սակայն ունենք կուսակցություններ, որոնք իշխանության են իրենց երկրներում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ ազատական գործընկերներ նաև Եվրոպական Միությունից դուրս, և այս համատեքստում Հայաստանը շատ կարևոր է մեզ համար: Մենք շատ ուրախ և հպարտ ենք Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության համար, որը Հայաստան անկախություն և ժողովրդավարություն բերող ուժն էր: Լիբերալիզմը հիմնվում է շատ կարևոր արժեքային համակարգի հիման վրա, սակայն, երբ հարցը վերաբերվում է գործնական քաղաքականությանն ու խնդիրներին, այդ պարագայում տեղական կուսակցություններն ավելի լավ գիտեն, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ ազատական գաղափարախոսության առումով տեղում: Ես գիտեմ այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք ծառացած են փոքր երկրների առջև, քանի որ իմ երկիրն էլ` Դանիան, նույնպես փոքր երկիր է: Բայց մենք կիսում ենք տեսակետներ և արժեքներ, որոնք վերաբերվում են մարդու իրավունքների հիման վրա ժողովրդավարություն ստեղծելուն: Կան այնպիսի անկյունաքարեր, որոնք շատ կարևոր են, որոնք են իշխանության տարանջատման, դատական համակարգի և խորհրդարանի անկախության սկզբունքները»,- ասաց Մորտենսենը` ընդգծելով, որ սրանք են լիբերալիզմի անկյունաքարային արժեքները:

ALDE-ն Եվրոպայի երրորդ քաղաքական ուժն է, որը գործում է 1976թ.: Կուսակցությանն անդամակցում է 40 երկրի 60 կուսակցություն: ՀԱԿ-ն ALDE-ի լիիրավ անդամ է 2010թ.:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]