Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Լոքյանը և Ֆրանսիայի դեսպանը կարևորել են երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

Նախարար Լոքյանը և Ֆրանսիայի դեսպանը կարևորել են երկրների միջև 
ապակենտրոնացված համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին` նախարար Լոքյանն ասել է, որ իր  համար հաճելի է Ֆրանսիայի պետության ներկայացուցչի հետ հանդիպումը, քանի որ,  բացի երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններից,  նաև արդյունավետ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, որը միտված է մեր երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: «Մեր համայնքները ուղիղ շփման միջոցով կարողանում են միմյանց ճանաչել, ստանալ տեղեկատվություն, փորձ և օգտվել Ֆրանսիայի կուտակած  մեծագույն արժեքներից: Տարածաշրջանային մակարդակում շատ լավ համագործակցություն ունեն մեր մարզերը՝ Գեղարքունիքը, Շիրակը, Լոռին, Տավուշը»,-ասել է նախարարը:

Դեսպան Լաքոտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության  համար, նկատել, որ  հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը հենց պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի տարածաշրջանները կարգուկանոն են մտցրել իրենց միջազգային համագործակցության աշխատացուցակում,  և շրջաններից շատերը որոշում են կայացրել ակտիվ համագործակցել Հայաստանի հետ: «Բոլոր այդ տարածաշրջաններում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները մեծ հետաքրքրություն են տածում Հայաստանի հետ համագործակցության նկատմամբ և առաջնահերթ ոլորտներ են համարում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու  վերականգնվող էլեկտրաէներգիայի ուղղությունները»,- ասել է դեսպանը:

Ի պատասխան` նախարար  Լոքյանը նշել է, որ  այդպիսի որոշումները  պարտավորեցնող և շատ ոգևորիչ են. «Մենք պետք է կարողանանք փոխադարձ համագործակցության այնպիսի դաշտ ապահովել, որը միմյանց համակրելու  մակարդակից կտեղափոխվի միմյանց փոխադարձաբար օգուտ բերելու դաշտի:   Իրավամբ, ժամանակն է, որ մենք ակտիվացնենք տնտեսական արդյունավետ  հարաբերությունները Ֆրանսիայի հետ և դա կարող է ընդգրկել տարբեր ոլորտներ»:

Հանդիպման ժամանակ կարևորվել է ընթացիկ տարվա  մարտի 3-7-ը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի ներկայացուցչական այցը Հայաստան, ինչպես նաև հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք   Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը: «Պարոն դեսպան, այս տարին մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեզ բախտ է վիճակվել  Երևանում անցկացնել  Ֆրանկոֆոն հերթական գագաթնաժողովը  և մենք, միասին աշխատելով, պետք է այն դարձնենք ավելի արդյունավետ: Ես համոզված եմ, որ այդ ժամանակահատվածը Հայաստանի համար ապագային միտված շատ կարևոր սկիզբ է լինելու: Հայաստանի և Ֆրանսիայի երկրների նախագահների վերջին հանդիպումն էլ է խոստանում այդպիսի արդյունք, և մնում է, որ մենք մեր մակարդակներում շատ ակտիվ աշխատենք»,- ասել է Դավիթ Լոքյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության նոր համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը, երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ  Ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովը կարող է ոգևորող սկիզբ դառնալ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների նորանոր համագործակցության համար: Նախարար Լոքյանի հավաստմամբ, այդ հարցը իր ղեկավարած գերատեսչության առաջնային խնդիրներից է լինելու, ինչը միտված է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն  ավելի գործնական դարձնելուն:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]