Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ վերընթաց զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ պարբերական բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդում հայ-ճապոնական բարեկամական փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել ընդլայնման և զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը: 

Երկուստեք կարևորվել է Երևանում և Տոկիոյում դեսպանությունների հիմնումն ու դրանց նշանակալի ավանդը տարբեր բանագավառներում հայ-ճապոնական զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերին, մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտնեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների խրախուսման վերաբերյալ:

Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս ձևաչափով ևս ծավալվել է արդյունավետ համագործակցություն, որն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ու Ճապոնիայի փոխարտգործնախարարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]