Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Առաջիկայում կանցկացվի Հայ-իսրայելական բիզնես ֆորում. պատգամավորներն ամփոփում են Իսրայել կատարած այցի արդյունքները

Առաջիկայում կանցկացվի Հայ-իսրայելական բիզնես ֆորում. պատգամավորներն 
ամփոփում են Իսրայել կատարած այցի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները բավական ծանրաբեռնված, հագեցած օրակարգով բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Իսրայելում: Պատվիրակության անդամները 4-օրյա գործուղման ընթացքում ունեցել են 15 հանդիպում Կնեսետի, Կառավարության, բիզնեսի, հայ համայնքի, Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ:

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց այցը համընկավ այն իրավիճակի հետ, երբ Իսրայելում ներիշխանական խնդիրներ էին ծագել: Այդ օրերին Կնեսետում քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր իսրայելական «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը:

«Մենք հանդիպեցինք Յաշիր Լապիդի հետ: Հանդիպմանն ընդգծվեց, որ այդ հարցի դրական լուծումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Իսրայելի համար: Խոսվեց այն մասին, որ Գերմանիան, ընդունելով հրեաների ցեղասպանությունը, ազատվել է կապանքներից և այսօր ավելի հեշտ է շփվում տարբեր երկրների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գագիկ Մինասյանը:

Իսրայել կատարած այցի ընթացքում Հայաստանի խորհդարանականները բարձրացրել են նաև ղարաբաղյան հարցը: Գագիկ Մինասյանը նկատեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հաճախ կողմնակալ տեսակետ է արտահայտում այդ հարցի վերաբերյալ: «Մեզ ասացին, որ կառավարության տեսակետը հստակ կներկայացվի, և դա այն չէ, ինչ արտահայտում է Պաշտպանության նախարարը: Մենք ընդգծեցինք, որ կա միջազգայնորեն ճանաչված միակ մարմինը Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ հարցով»,-ասաց նա:

Հայաստանի խորհրդարանականները բարձրացրել են նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը:

«Անհասկանալի է այն, որ հայերի նման նույն ճակատագիրն ունեցող հրեաներն այսօր հարձակողական զենք են մատակարարում մի տոտալիտար երկրի, որի ղեկավարն իր հայտարարություններով հավասարվում է նացիստական Գերմանիայի առաջնորդների հետ` ասելով, որ Ադրբեջանին է պատկանում Երևանը, Սևանը: Իսրայելական կողմից ասվեց, որ իրենք զենքի առևտուր են անում աշխարհի շատ երկրների հետ»,-հավելեց Գագիկ Մինասյանը:

Իսրայելական կողմը փորձել է ճշտել, թե Հայաստանն ինչպես է պատրաստվում համագործակցել Իսրայելի հետ` միաժամանակ ունենալով ջերմ հարաբերություններ Իրանի հետ:

«Ինչպես գիտենք, Իրան-Իսրայել հարաբերությունները լարված են: Մենք ընդգծեցինք, որ մեր համագործակցությունը որևէ մեկի անվտանգությանը չի սպառնում, մեր համագործակցությունը ընդգծված խաղաղ բնույթի է: Ասեմ, որ այս տեսակետն իրենց համար ընդունելի էր»,-նշեց Գագիկ Մինասյանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են եղել Իսրայել- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատում: Պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքով, քննարկվել են տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:  

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ Իսրայելը բավական մեծ հաջողություններ ունի բնապահպանության, գյուղատնտեսության ոլորտներում: Իսրայելցի մասնագետները պատրաստակամ են իրենց փորձը փոխանցել հայաստանցի գործընկերներին: Արդեն համապատասխան գերատեսչությունների հետ կա համագործակցության պայմանավորվածություն:

Պատգամավոր Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանն ու Իսրայելը 26 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն դրանք դեռ նախնական մակարդակի վրա են: Վերջին շրջանում կարևոր փոխայցեր եղան, որոնք հիմք դրեցին հարաբերությունների զարգացման առումով: Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն: Առաջիկայում նախատեսվում է անցկացնել Հայ-իսրայելական բիզնես ֆորում:

Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով՝ 2018 թվականի փետրվարի 11-15-ը ներառյալ Թել Ավիվ են գործուղվել Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Գորգիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]