1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդվարդ Միլիտոնյանը ընթերցանության և գրքերի սպառման ոլորտում դրական փոփոխություն է տեսնում Հայաստանում

Էդվարդ Միլիտոնյանը ընթերցանության և գրքերի սպառման ոլորտում դրական 
փոփոխություն է տեսնում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցանության և գրքերի սպառման ոլորտում զգալիորեն դրական փոփոխություն է նկատվում Հայաստանում 10 տարի առաջվա համեմատ: Հայաստանի գրողների միությունը ևս աշխատանքներ է տանում ընթերցանության ավելացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ փետրվարի 16-ին կազմակերպված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Արդեն 10 տարուց ավելի է, ինչ ՀԳՄ-ն առաջարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ ի հիշատակ նրա մեծ գործի, նշել որպես գիրք նվիրելու օր: 90-ականներին, երբ կյանքը, կենցաղը այլ կերպ էին, հանրությունը փոքր-ինչ կտրվել էր գրքերից: Սակայն Թումանյանի ծննդյան օրը դարձավ հանրապետական բնույթի հրաշալի տոն: Սկզբնական շրջանում մեծ տարածում չգտավ տոնը, սակայն հետո հասկացան, որ գրքի հանդեպ հայացքը շեշտակի փոխելու ժամանակն է»,-ասաց Միլիտոնյանը:

Նրա կարծիքով՝ «ընթերցանության ճգնաժամ» արտահայտությունը համաշխարհային է: Սակայն 10 տարի առաջվա համեմատ Հայաստանում զգալի փոփոխություն կա: Գրավաճառները նշում են, որ մանկագիրների գրքերը լավագույն վաճառվողներից են: Միլիտոնյանը կողմ է թե գրքով, թե համակարգչով կամ սմարթֆոնով կարդալուն: «Միայն թե մարդիկ կարդան, մոտ լինեն գրականությանը: Պետք է մեր գրող տաղանդներին ճանաչենք իրենց կենդանության օրոք: Իսկ դա անելու համար պետք է ընդամենը ընթերցել»,-նշեց միության նախագահը:

Խոսելով Թումանյանի դերի և արդի գրականության վրա թողած մեծ ազդեցության մասին՝ Միլիտոնյանն ասաց՝ Թումանյանը դարձել էր 20-րդ դարի սկզբի այն առանցքը, որի շուրջ Թիֆլիսում ձևավորվեցին գրական մթնոլորտ, մշակութային, հասարակական հարաբերություններ: Իսկ Թումանյանի անվան հատուկ մրցանակը, որը սահմանել էր միությունը, կլինի շարունակական:

Հայաստանի գրողների միությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ընթերցանությունը խթանելու համար: Նախորդ տարի կազմակերպել են շուրջ 200 միջոցառում՝ գրական հանդիպումներ, շնորհանդեսներ, ընթերցումներ, գրքերի քննարկումներ: Գրական աշխատանքներ են իրականացվում նաև Արցախում, Վրաստանում, Իրանում և այլ միջազգային ասպարեզներում:

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]