1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արև, մաքուր սնունդ, արկածներ ու առաջին քրիստոնյա ժողովուրդ. Հայաստանի զբոսաշրջային իմիջը թիրախային շուկաներում

Արև, մաքուր սնունդ, արկածներ ու առաջին քրիստոնյա ժողովուրդ. Հայաստանի 
զբոսաշրջային իմիջը թիրախային շուկաներում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում զբոսաշրջիկների հիմնական մասը վաղուց արդեն չի հետաքրքրվում հարթ ու ասֆալտապատ փողոցներով, հարմարավետությամբ: Նրանք փնտրում են արկածներ ու ժամանց, համեղ ու առողջարար ուտելիք, արև, մաքուր օդ, երբեմն նաև քաղաքային աղմուկից հեռու միջավայր և այս ամենը համեմված մշակութային ու կրոնական գրավչությամբ: «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի հետ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

-Պարոն Խզմալյան, դեպի Հայաստան չվերթների ու զբոսաշրջիկների թվի մեծացման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված այս տարի:

-Պարզ տրամաբանություն կա, որ ուղիղ չվերթների առկայությունը մեծ ազդեցություն ունի զբոսաշրջիկների քանակի ավելացման վրա: Այն միջոցառումները, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն պատկան մարմինների հետ իրականացրել է մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգի դյուրացման ուղղությամբ, կարծում եմ` կնպաստի զբոսաշրջության հոսքի աճին: Բայց ուղիղ չվերթը պետք է սնուցել մարքեթինգային միջոցառումներով։ Մարդիկ կսկսեն հետաքրքրվել մեր երկրով ու զբոսաշրջության ներուժով, բնականաբար բիզնեսն էլ կհասկանա, որ պետք է ուղիղ չվերթներ բացել դեպի Հայաստան: Ցանկալի է ուղիղ չվերթ ունենալ, օրինակ, Կահիրեից։ Գիտենք, որ Եգիպտոսում միլիոնավոր քրիստոնյաներ կան, մասնավորապես, ղպտիների քրիստոնեական համայնքը, որոնք կարող են նախընտրել Հայաստանը` հաշվի առնելով առաջին քրիստոնյա պետություն լինելու հանգամանքը:

Նախորդ տարի նախարար Սուրեն Կարայանի գլխավորած այցը Լիբանան մեզ ցույց տվեց, որ մեր երկիրը կարող է լինել կրոնական զբոսաշրջության չափազանց կարևոր ուղղություն, դա կապ չունի դավանական առանձնահատկությունների հետ: Լիբանանում հայկական համայնքը երկու հարյուր տարեկան է, մեր երկրի, մշակույթի մասին իրազեկվածությունը հարիր մակարդակի վրա է: Այս տարի մենք նախատեսում ենք Լիբանանում ներկայացուցիչ նշանակել մի անձի, ում կազմակերպությունը զբաղվում է մարքեթինգային արշավներով: Երկրի ճանաչելիությունը մի ընթացք է, որը պետք է դադար ու վերջ չունենա: Մեր ներկայացուցիչն աշխատելու է ոչ միայն  Լիբանանում, այլև Ծոցի արաբական երկրներում: Խնդիր կա շուկան լավ ճանաչելու, առանձնահատկությունները լավ հասկանալու, որպեսզի իրականացվեն նպատակաուղղված մարքեթինգային ծրագրեր:Նա շատ լավ գիտե այդ շուկան, Լիբանանի քաղաքացի է։ Այդ միջոցառումներն իրականացվելու են նաև նպատակային մյուս երկրներում:

Մենք ասում ենք՝ Ռուսաստան, և սովորաբար հասկանում ենք Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը, բայց Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան, այսպես ասած, երկու մայրաքաղաքները: Ռուսաստանի ամբողջ հյուսիսային շրջանը համարվում է ամենավճարունակ հատվածը, քանի որ ընդերքը, ոսկին, ադամանդը, գազը, նավթն այդ շրջաններում ահռելի քանակների են հասնում, ու երկրի  բյուջեի զգալի մասը լցնում են այդ շրջանները: Նշանակում է, որ լուրջ աշխատանք կա տանելու նաև այնտեղ, որտեղ արևի, մաքուր բնության, համեղ մրգերի նախապատվություն կա, ու հետևաբար պետք է այդ խավին հնարավորինս ներգրավենք Հայաստան:

-Դուք սահուն անցում կատարեցիք իմ հաջորդ հարցին: Հիմնական թիրախային շուկաներում` Ռուսաստանում, Իրանում, արաբական և եվրոպական երկրներում, ինչպես նաև Չինաստանում, ի՞նչ կոնկրետ քայլեր ու միջոցառումներ են նախատեսված:

-Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գերագույն խնդիրը երկրի ճանաչելիության բարձրացումն է: Սա նշանակում է, որ մեր աշխատանքների զգալի մասը նախատեսված է արտաքին աշխարհի համար, ուղղված է դեպի դուրս: Այդ ուղղությամբ ունենք մի շարք միջոցառումներ` միջազգային ցուցահանդեսներ, գինու, ուխտագնացության, խոհանոցային տուրիզմի վերաբերյալ  թեմատիկ ցուցահանդեսներին մասնակցություն, տարբեր գովազդային արշավներ, Հայաստանի օրերի անցկացում: Միջազգային հեղինակավոր ամսագրերում պետք է հրապարակենք հոդվածներ: Աշխատում ենք բլոգերներ ու լրագրողներ Հայաստան բերելու ուղղությամբ:

Այս տարի նախատեսում ենք Սանկտ Պետերբուրգում «Ռուսական հետք» շնորհանդեսի անցկացումը, որը հետաքրքիր ու Ռուսաստանում պատրիոտիկ ալիքի վրա նպաստավոր նախագիծ է: Ցանկանում ենք ցույց տալ հայ-ռուսական պատմական ու մշակութային առնչությունների հետքերը մեր երկրում` պատմական հուշարձաններ, գրավոր աղբյուրներ, կերպարվեստ, ռուսական գյուղերը` Ֆիոլետովո, Լերմոնտովո, ճանապարհը, որով անցել է Պուշկինն ու տեսել Գրիբոյեդովի դին: Այս ամենը պետք է պարզապես լավ լուսաբանել ու ներկայացնել: Սա դարձնել այնպիսի զբոսաշրջային փաթեթ, որը գրավիչ  կլինի ռուս զբոսաշրջիկների համար, ովքեր բացի ռուսական հետքից կտեսնեն Հայաստանն իր տարբեր դրսևորումներով: Սա նոր մեկնարկող նախագիծ է, բավականին լուրջ հետաքրքրություն առաջանցող մեր ռուս գործընկերների շրջանում:

-Իրանական շուկայում ի՞նչ աշխատանքներ են տարվում, որպեսզի չեզոքացվի իրանցի զբոսաշրջիկների այն կերպարը, որը մեր հասարակության որոշ շրջանակների կողմից հաճախ քննադատվում է:

-Ինձ թվում է՝ մենք հակված ենք չափազանցումների: Եթե խնդիրներ էլ կան, դրանք հրատապ ու ահագնացող խնդիրներ չեն: Չեմ կարծում, որ անհանգստանալու բան ունենք մեր հարևան երկրից Հայաստան եկող զբոսաշրջիկների առումով: Գուցե լինեն կենցաղի, մշակույթի, քաղաքակրթական տարբերություններ, կարող են հարցեր առաջանալ: Մենք, որպես հյուրընկալ ժողովուրդ, պետք է ինքներս էլ ըմբռնումով մոտենանք ինչ-որ բաների: Ամեն դեպքում  գնալով ավելի ու ավելի պետք է սերտանան մեր երկկողմ կապերը:

Նաև մեր հարգանքով է պայմանավորված դիմացինի կեցվածքը: Մենք իրավունք չունենք նստելու ու մեր նախասիրությունների տեսանկյունից որոշելու՝ ով Հայաստան պետք է գա, իսկ ով՝ոչ: Եթե դու իրականացնում ես գլոբալ տեղեկատվական քաղաքականություն, միջոցառումներ ես նախաձեռնում երկրի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, դժվար է պատկերացնել այն մեխանիզմը, որով հնարավոր է զատել ու որոշել`որ խավը գա, որը` ոչ: Այսպիսի նպատակադրումներն ու հարցադրումներն առնվազն կոռեկտ չեն:

Եթե ճիշտ ներկայացնենք մեր երկիրն իրանական շուկայում, կխուսափենք նաև այդօրինակ խոսակցություններից: Մենք մեր կայքում ներկայացնում ենք, թե Հայաստանում իրանական մշակույթի ինչ հետքեր կան, ինչ հուշարձաններ, Ազգային պատկերասրահում, Պատմության թանգարանում, Մատենադարանում մշակույթի ինչ նմուշներ։Կարևոր նախաձեռնություն էր նաև Հալալի գրասենյակի բացումը:

Միջոցառումները, որ նախատեսում ենք, ուղղված են մեզ բացահայտելուն, որ իրանցին Հայաստան գալուց առաջ հասկանա, թե ուր է գալիս, այս երկրում ինչն է ընդունված, ինչն է ցանկալի, ինչը ոչ: Դա անուղղակի կարող է ներկայացվել սահմանային անցակետերում առկա մեր գովազդատեղեկատվական նյութերի և Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործող տեղեկատվական կենտրոնի աշխատանքի միջոցով:

-Չինական շուկայո՞ւմ:

-Վերջերս հանդիպել եմ Չինաստանում մեր առևտրային ներկայացուցչին, բավական հետաքրքիր գաղափարներ կան չինական շուկան ակտիվացնելու ուղղությամբ: Այն, որ պետք է լրջորեն զբաղվել չինական շուկայով, դա փաստ է: Իսկ թե երբ և ինչպես է պետք սկսել այդ աշխատանքները, կորոշենք Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ։ Պարզապես պետք է հարց տանք մեզ` պատրա՞ստ ենք արդյոք չինական շուկայի լիարժեք բացվելուն: Մենք նոր ենք սկսում շոշափել չինական շուկան: Գիտենք, որ սիրում են ճամփորդել մեծ խմբերով, սիրում են առևտուր անել, մշակութային հետքերով գնալ, օրինակ, սովետական ժառանգության հետքերը շատ են հետաքրքրում նրանց: Սա այնպիսի ահռելի ու հեռանկարային շուկա է, որ ենթադրում է չափազանց լուրջ աշխատանք:

Մեր առաջին քայլը եղել է այն, որ գովազդատեղեկատվական նյութեր ենք ուղարկել, որոնք թարգմանվել են չինարեն ու տարածվել են ներկայացուցչի կողմից, այդ թվում` մեր զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տեսահոլովակները, որոնք ցուցադրվում են տարբեր մարդաշատ վայրերում, գործարար համաժողովների և ցուցահանդեսների ժամանակ:

-Իսկ ի՞նչ է արվում ենթակառուցվածքների զարգացման առումով, որպեսզի տարեց տարի կարողանանք ավելի շատ զբոսաշրջիկների հյուրընկալել:

-Բարեբախտաբար նախորդ տարի սկսված և այս տարի շարունակվող նախաձեռնություններ ունենք` հյուրանոցների բացում, մարդիկ բարեկարգում են իրենց տներն ու հյուրատների տեսքով տրամադրում զբոսաշրջիկներին: Սա շատ կարևոր հարց է, քանի որ սեզոնին զբոսաշրջիկներին հյուրանոցներում տեղավորելու խնդիր ունենք: Քայլեր ենք նախաձեռնում, որ համայնքներում ևս ստեղծվի ժամանցային միջավայր: Սա թույլ կտա, որ զբոսաշրջիկները մայրաքաղաքից դուրս էլ հետաքրքրություններ գտնեն ու մի քանի օր անցկացնեն համայնքներում: Դրա համար փաթեթային մտածողություն է պետք, միայն պատմական հուշարձաններով չենք կարող մարդկանց մի քանի օր պահել մարզերում: Հուշարձանը տեսավ, հետո ուր կարող է գնալ, ինչպես հագեցնել իր ժամանակը: Օրինակ, ունենք Խնձորեսկի մեծ ներդրումային ծրագիրը. մարդիկ, որ ճանապարհ են անցնել, հասել են Տաթև, ընդամենը 20-30 րոպե հետո կարող են հայտնվել Խնձորեսկում ու հետագայում նաև Արցախում: Այս փաթեթային մտածողությունը եթե չլինի, չենք կարող մեծ հոսք ապահովել դեպի մարզեր:

-Այս պահին այդպիսի փաթեթներ մշակվո՞ւմ են:

Համաշխարհային բանկի Ենթակառուցվածքների և տեղական տնտեսության զարգացման վարկային ծրագիրն ուղղված է նաև ակտիվ զբոսաշրջային վայրերի փաթեթավորմանը: Այդ գործում շատ կարևոր է նաև մասնավորի մասնակցությունը: Ուշադրության կենտրոնում են Գառնին, Զորաց քարերը, Քարերի սիմֆոնիան, Արենին և այլն:

- Հայաստանն ի՞նչ նոր ուղղություններով և զբոսաշրջային արդյունքով կարող է հանդես գալ նոր զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով:

-Արդեն վաղուց զբոսաշրջիկների հիմնական մասը չի հետաքրքրվում հարթ ու ասֆալտապատ փողոցներով, հարմարավետությամբ: Շատ մեծ թափերով զարգանում է արկածային զբոսաշրջությունը, Հայաստանում այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տանում հենց մասնավոր հատվածը: Մեծ հետաքրքրություն են առաջացնում քայլարշավները, գյուղական համայնքներ այցելությունները: Կան օտարերկրացիներ, ովքեր տներ են գնում գյուղական համայնքներում:

Ինչ է այսօր աշխարհին պետք` մաքուր սնունդ, բնական ու լավ միջավայր, արև, երբեմն լռություն` հեռու քաղաքային աղմուկից: Այս ամենին զուգահեռ՝ մենք ունենք դեռևս չօգտագործված մեծ ներուժ: Դա մեր առաջին քրիստոնյա պետություն լինելն է: Հռոմի պապը եկավ, միլիարդից ավելի մարդ իմացավ մեր երկրի քրիստոնեական նշանակության մասին: Աշխարհում մի քանի խոշոր ուխտագնացության նախագծեր կան, որ հարյուր հազարավոր և միլիոնավոր քրիստոնյաներ են ընդունում: Մեր երկիրը հարուստ է քրիստոնյա սրբերի մասունքներով, ճարտարապետական կոթողներով: Կրոնական զբոսաշրջության երթուղին կարող է ընդգրկել ոչ միայն վանքից վանք գնալը, այլև՝ հարակից միջոցառումները, հոգևոր ֆիլմերի դիտումը, հոգևոր երաժշտության ունկնդրումը: Այդ ուղղությամբ հետաքրքիր հայեցակարգ է մշակված: Ուրախությամբ փաստեմ, որ խոհանոցային մշակույթն է մեծ թափով զարգանում Հայաստանում, չեմ հիշում մի հյուր, որ չհիանա հայկական խոհանոցով ու հյուրընկալությամբ:

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]