Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը

Լույս է տեսել «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանն իր երկար ուսումնասիրություններից հետո գիտնականների, ընթերցողների դատին հանձնեց «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 15-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» ներառում է երկու մենագրություն, որի մի մասն ամբողջությամբ նվիրված է միջնադարյան հեքիաթներին, որոնք հեղինակը տարիներ շարունակվ հավաքել է, նկարագրել և արժևորել, մյուս մասը՝ խաչքարին:

«Շատ եմ հավանում Սահակյանի ուսումնասիրության մեթոդաբանությունը, որովհետև մեր երկրում շատ քչերն են այս կամ այն կերպ նկարագրված մշակութային տեքստը ներսից  կարդալով, խորքից մշակելով ու կարևորելով  ներկայացնում:  Նա ամեն անգամ նորություն է բերում»,-նշեց Ավետիսյանը:

Արծրունի Սահակյանն ասաց, որ այս գիրքն իր համար շատ սիրելի է, քանի որ ունի հին պատմություն, գրվել է վաղ ժամանակ և զերծ չէ թերություններից: «Ցանկացա հեքիաթների վաղ ժամանակների գրառումներին ծանոթանալ: Սկզբում չէի գիտակցում, որ այստեղ լուրջ բանագիտական խնդիրներ կան: Թերահավատները շատ էին և ասում  էին, որ գրավոր մշակույթը դժվար թե կապ ունենա հեքիաթի հետ, քանի որ այն կիրթ կրոնավոր մարդկանց մշակույթն է ներկայացնում. Ինչու՞ պետք է նրանք հեքիաթները գրի առնեն»,-շեշտեց նա ու հավելեց, որ նրանք սխալվում էին:

Հետազոտությունների արդյունքում Սահակյանը ներկայացրել է 50-ից ավելի հեքիաթների սյուժեներ, որոնք շատ են պատմվել նաև 19-20-րդ դարերում: Նա ընդգծեց, որ շատ հետաքրքիր է իմանալ, թե տարբեր միջադեպերը, որոնք նաև մեր օրերում են կատարվում, ինչպես են հեքիաթների միջոցով ներկայացվել միջնադարում:

Անդրադառնալով խաչքարերին՝ նա նշեց, որ աշխատում էր գրքի վրա, երբ  խաչքարը դիտարկվում էր, որպես մաքուր հնագիտական թեմա, քանի որ մինչ այդ խաչքարերի մասին միայն հնագետներն էին խոսել: «Առարկան հնագիտական էր, բայց մեթոդը՝ ոչ: Հայկական բնակավայրերից, գաղթավայրերից անպակաս խաչքարը, մի բան ինձ հուշեց, որ այն սովորական նյութական մշակույթի հուշարձան չէ, այն պետք է ներծծված լինի ողջ հայ հոգևոր կյանքով: Դա հասկանալու համար, որոշեցի լրացուցիչ աղբյուրներ ներգրավել հետազոտության մեջ: Եթե խաչքար, ապա խաչ. սկսեցի խաչի ընկալումների վերաբերյալ ուսումնասիրություններ փնտրել և եկա, հասա նրան, որ Հայաստանում կար խաչի պաշտամունք:  Մնում էր մի բան ավելացնել, որ Հայաստանում կար ժողովրդական խաչապաշտություն: Ես ցույց տվեցի, որ ժողովրդական քրիստոնեությունն ունի իր առանձնահատկությունը. դա խաչապաշտությունն է»,-եզրափակեց Արծրունի Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]