1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախը նախորդ տարի հարկային եկամուտների աննախադեպ աճ է արձանագրել

Արցախը նախորդ տարի հարկային եկամուտների աննախադեպ աճ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը նախորդ տարի արձանագրել է հարկային եկամուտների գերակատարում՝ շուրջ 6 տոկոսով: Ակնկալվող 15 տոկոս տնտեսական աճի համար հիմք է հանդիսացել տնտեսական ակտիվությունը հանքաարդյունաբերության և արդյունաբերության այլ ճյուղերում: Աճը խթանելու համար հեռանկարային զարգացման ուղղություն է համարվում ՏՏ ոլորտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ոլորտի նախորդ տարվա ձեռքբերումներից և այս տարվա անելիքներից խոսեց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, նախորդ տարի տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշ է արձանագրվել Արցախում և ի՞նչ գործոններ են նպաստել դրան:

-Դեռևս պաշտոնական տվյալներ չունենք տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հստակ պարզ կլինի մարտ-ապրիլ ամիսներին: Սակայն նախնական գնահատականներով մենք սպասում ենք բավականին բարձր՝ ընդհուպ 15 տոկոս տնտեսական աճ: Նման բարձր ցուցանիշի համար հիմք է հանդիսացել տարվա ընթացքում արձանագրված տնտեսական ակտիվությունը՝ առաջին հերթին հանքաարդյունաբերության, նաև արդյունաբերության այլ ճյուղերում: Գյուղատնտեսության ոլորտում 2017-ին ևս բավականին բարձր արդյունքներ են գրանցվել: Մեր գնահատականներով 15 տոկոս տնտեսական աճի մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը կկազմի շուրջ 6 տոկոս, արդյունաբերության այլ ճյուղերինը՝ շուրջ 3, շինարարությանը՝ 2-3 տոկոս, իսկ մնացածը` ծառայությունների և այլ ոլորտների հաշվին:

-2018-ին տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշի եք ձգտում:

-Մենք ծրագրել ենք առնվազն 8 տոկոս տնտեսական աճ, սակայն մեր սպասումներն ավելի շատ են: Եվ կախված նրանից, թե ինչպիսի տնտեսական իրավիճակ և ներդրումային քաղաքականությունում ինչ հաջողություններ կունենանք, կարծում եմ՝ աճը կգերազանցի 8 տոկոսը:

- Աճը խթանելու համար Արցախը ո՞ր ուղղություններն է փորձում զարգացնել:

-Արցախի կառավարությունը տնտեսական քաղաքականության իրականացման որպես գերակա ուղղություն շեշտադրել է էներգետիկան: Մեծ թափ է ստանում հիդրոէներգետիկան: Կառավարությունը ներկայում նախատեսում է նաև վերականգնողական այլ աշխատանքներ: Սննդի, թեթև արդյունաբերության ճյուղերում որոշակի աշխատանքներ ևս կան: Իսկ ծառայությունների ոլորտում կառանձնացնենք տեղեկատվական տեխնոլոգիաները, որը գերակա ճյուղ է հայտարարված: Որոշակի աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելու միջավայր, որ հայաստանյան և միջազգային ընկերությունները հիմնադրեն մասնաճյուղեր, վերցնեն պատվերներ: ՏՏ ոլորտն Արցախի համար կարող է լինել հեռանկարային զարգացման ուղղություն: Գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը ևս կարևոր ճյուղեր են: 2017-ն առանձնացավ զբոսաշրջիկների մեծ հոսքով:  Զարգացնում ենք և պատմական, և էկոլոգիական զբոսաշրջությունը: Տարբեր ուղղություններով առանձին նախագծեր են նախատեսվում, իսկ պետությունն աջակցում է դրանց:

-Պարոն, Մարտիրոսյան, որո՞նք են հարկային ոլորտի նախորդ տարվա խոշորագույն ձեռքբերումները:

-Եկամուտների առումով 2017-ին արձանագրեցինք աննախադեպ ցուցանիշ՝ եկամուտների գերակատարում շուրջ 6 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 22 տոկոս աճ: Առնվազն վերջին 10 տարիների ընթացքում գերակատարման այդպիսի ցուցանիշներ չենք արձանագրել: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ  նման արդյունքն արձանագրվել է ոչ միայն հանքաարդյունաբերության ոլորտի աճի հաշվին: 2 մլրդ 200 մլն ընդհանուր գերակատարման  50 տոկոսից ավելին ապահովել են նաև  ոլորտի այլ խոշոր հարկատուներ:

-Կառանձնացնե՞ք խոշոր հարկատուներին:

-Այս տարի առաջին հարկատուն հանքաարդյունաբերության ոլորտից է, երկրորդը՝ կապի ոլորտի օպերատոր է, իսկ երրորդ տեղում են մի շարք շինարարական կազմակերպություններ:

-Իսկ որո՞նք եք համարում ոլորտի այս տարվա մարտահրավերները:

-Մենք բավականին բարձր նշաձող ենք սահմանել մեզ համար՝ և տնտեսական աճի, և հարկային եկամուտների առումով: Մարտահրավերներ կլինեն հիմնականում գյուղատնտեսության ոլորտում, քանի որ տարին սկսվեց ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններով:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այս տարվա պետական բյուջեում վերաբնակեցման նպատակով բնակարանաշինությանը մեծ ուշադրություն կդարձվի, այս առումով ի՞նչ քայլեր են նախատեսվում կամ արդեն արվել:

-2018-ին վերաբնակեցման համար նախատեսվում է տարբեր եղանակներով աջակցել վերաբնակեցման ցանկություն հայտնած ընտանիքներին: Օգնությունը կլինի շինանյութի տրամադրման, բնակարանաշինության և այլ տեսքով: Հիմնականում շեշտը կդրվի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, սակայն մնացած շրջաններից ևս կներգրավվեն գործընթացում:

-Իսկ որքա՞ն գումար է նախատեսված ծրագրի համար:

-Նախատեսված է 400 մլն դրամ: 

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]