Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը կամրապնդի մշակութային կապը Հայաստանի և Իտալիայի միջև

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը կամրապնդի մշակութային կապը 
Հայաստանի և Իտալիայի միջև

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից արվեստի միջազգային «Հայաստան-2018» ցուցահանդեսը կընդգրկի կերպարվեստի բոլոր տեսակները` գեղանկարչություն, ունիկալ գրաֆիկա, էստամպ, քանդակագործություն,  դեկորատիվ-կիրառական արվեստի յուրատիպ նմուշներ, գեղարվեստական լուսանկարչություն, կոնցեպտուալ արվեստ և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր միջոցառումներով, կհրատարակվի ալբոմ-պատկերագիրք: Այն Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 25-ից-հոկտեմբերի 25-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ փառատոնը չունի թեմատիկ սահմանափակումներ, և դրան կարող են մասնակցել արվեստագետներ աշխարհի տարբեր ծայրերից:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին ասաց, թե ուրախ է և գոհ, որ իրենց գաղափարն իրականանում է, և այն կարևոր է երկու այդքան մշակութային երկրների համար, ինչպիսիք են Հայաստանն ու Իտալիան:

«Մենք հաճախ խոսում ենք մեր անցյալի մասին, բայց փառատոնի շրջանակում մշակույթի լեզվով կխոսենք նաև ներկայի մասին»,-ընդգծեց դեսպանը:

 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի խոսքով` փառատոնի ընթացքում Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել իր ժամանակակից արվեստն օտարներին: Տեղի արվեստագետները կծանոթանան այլ երկրներում աշխատող ստեղծագործողների հետ:

«Փառատոնը համընկնում է Ֆրանկոֆոնիայի օրերի հետ, և մենք ակընկալում ենք բազմաթիվ հյուրերի ներգրավել ցուցահանդեսին, որպեսզի նրանք մասնակցեն փառատոնին, ծանոթանան մեր մշակութային հարստությանը: Միջոցառման մասին կիրազեկենք տարբեր երկրների դեսպանատներին, որպեսզի նրանք այդ լուրը տարածեն իրենց լծակների միջոցով»,-ընդգծեց տեղակալը:

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն անդրադարձավ ցուցահանդեսի խորհրդանիշին, որի վրա պատկերված մարդիկ ասես գրկել են միմյանց: Նա նշեց, որ Հայաստանն այնքան հյուրընկալ երկիր է, որ մեզ իր գիրկն է առնում:

Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեֆանո Ապուցցոյի խոսքով` ծրագիրը ծնվել է Հայաստանի և Իտալիայի համագործակցության արդյունքում: Երկու դարավոր պատմություն և մշակույթ ունեցող ազգեր, որոնք նաև քրիստոնեության օրրաններ են:

Ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանն ասաց, որ ցուցահանդեսը չունի ժանրային, սյուժետային, տեխնիկական, տարիքային սահմանափակում: Ներգրավվել են ինչպես հայտնի, այնպես էլ արվեստում նոր ճանապարհ հարթող երիտասարդներ, տարբեր մշակույթների կրողներ:

«Ցուցահանդես-փառատոնն իր տարբեր բաժիններով բաշխված կլինի Հայաստանի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում: Դրանց շարքում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահը և այլն»,-նշեց նա:

Ծրագիրը կնպատսի Հայաստանի և Իտալիայի բարեկամական կապերի ամրապնդմանը, կխթանի համաշխարհային ժամանակակից արվեստի հանրահռչակմանը Հայաստանում և Հայաստանի պատմության ու մշակույթի  ճանաչում աշխարհի մի շարք երկրներում:

Ցուցահանդեսն իրականացվում է Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության աջակցությամբ: Ծրագրին աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]